Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի» ամբողջ պարտքը 30, թե 50 միլիոն դոլար է

Ապրիլ 05,2013 10:45

Իսկ որքան պարտք ունի «Արմավան»։ Այդ հարցի պատասխանը գիտի թերեւս միայն «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատերը՝ Միխայիլ Բաղդասարովը։ «Միկա Լիմիթեդը» «Արմավիայի» սեփականատերն է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Արմավիայի» ամբողջ պարտքը 30 միլիոն դոլար է։ Ըստ այլ տեղեկությունների՝ ավելի քան 50 միլիոն դոլար։ Ռուսական «Կոմերսանտը» փորձել է հաշվել «Արմավիայի» պարտքերը ու ստացվել է հետեւյալ պատկերը՝ 5 միլիոն դոլար պարտք է «Զվարթնոց» օդանավակայանին, 22 միլիոն՝ «ՎՏԲ» բանկին, 1.5 միլիոնը՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանին…:

Օր չի անցնում, որ աշխարհի տարբեր ծայրերից չհայտնվեն նոր պարտատերեր։ Երեկ հայտնի դարձավ, որ «Արմավիային» դատի է տալու ռուսական «Սուխոյ» ընկերությունը հւ պահանջելու է իր պարտքը՝ 1.3 միլիոն դոլար։ Թե վաղը ինչ պարտատեր կհայտնվի ու որքան գումար կպահանջի «Արմավիայից», հայտնի չէ։

Եվ ուրեմն, ինչ է տեղի ունենում «Արմավիայի» շուրջ։ Այս ընկերությունը, եթե ուշադիր նայենք, մեր քրեաօլիգարխիկ տնտեսության փոքրացված մոդելն է։ Սկսենք նրանից, որ «Արմավիայի» սեփականատեր «Միկա Լիմիթեդ»-ը գրանցված է Ջերսի կղզում, որը նույնիսկ ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչված է որպես օֆշորային գոտի։ Եվ 10 տարի մեր ավիափոխադրումների շուկայի կեսը վերահսկել է օֆշորային գոտում գտնվող մի ընկերություն։

Ինչպիսին է «Արմավիայի» ֆինանսական վիճակը, նույնպես հայտնի չէ։ Ավիափոխադրումների շուկայի կեսը վերահսկող այս ընկերությունը հաշվետվություններ չի հրապարակել։ Ինչ պայմաններով է նա տիրապետում ավիաթռիչքների իրավունքներին, ինչպիսի պատասխանատվություն է կրում չվերթները դադարեցնելու համար, ուղետրներին ինչ կարգով պետք է փոխհատուցի… այս հարցերը նույնպես պատասխան չունեն, քանի որ կառավարությունը 2003 թվականին «Արմավիան» արծաթե սկուտեղի վրա Միխայիլ Բաղդասարովին փոխանցելու մասին պայմանագիրը գաղտնի է պահում՝ դա «առեւտրային գաղտնիք է»։

Մի խոսքով՝ բազմաթիվ անհայտներով մի մեծ հավասարում։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930