Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էր արել Հրաչ Մուրադյանը Պռոշյան համայնքի համար

Ապրիլ 05,2013 10:36

Տեսնենք, թե ինչ է արել միջինից թույլ գյուղապետ (բնութագրումը Կովալինն է) Հրաչ Մուրադյանը, եւ ինչ՝ Կովալը իր ղեկավարած մարզի շրջագծի մեջ գտնվող Պռոշյան համայնքի համար։

Պռոշյանի գյուղապետարանում տեղեկացանք, որ Հրաչը տարբեր բարեգործների միջոցով վերանորոգել է գյուղի մանկապարտեզը, այն կահավորել ամբողջովին, վերանորոգել է նաեւ գյուղի մարզադահլիճը, ասֆալտապատել գյուղամիջյան փողոցները, խմելու ջրի ցանց անցկացրել գյուղի գերեզմանոցում։ Վերանորոգել եւ բժշկական ժամանակակից սարքավորումներով է կահավորել ամբուլատորիան։ Պայմաններ է ստեղծել գյուղում մշակութային եւ մարզական կյանքի զարգացման համար։ Հատկանշական է, որ «Զորաց պանթեոնը» կառուցելու եւ բարեկարգելու համար Հրաչը նվիրաբերեց իր հարսանիքին նվեր ստացած ոսկեղենը։

Գյուղապետարանում ծանոթացանք նաեւ 2012 թվականի համայնքային բյուջեի կատարողականին։ Թվում է, թե այս ցուցանիշները պիտի անբավարար լինեին, որպեսզի մարզպետն իրեն իրավունք վերապահեր նման բնութագրում տալ արդեն զոհված գյուղապետին, սակայն պատճառը սա էլ չէ։ Ահավասիկ, Պռոշյանում գույքահարկի հավաքագրումը կատարվել է 127,6 տոկոսով, հողի հարկինը՝ 100 տոկոսով, հողի վարձակալությունից վարձավճարների գանձումը՝ 101,6 տոկոսով։

Տեղեկացանք նաեւ, որ մարզային եւ հանրապետական վերին իշխանություններն այնքան էլ բարի աչքով չեն նայել Պռոշյան համայնքին։ Այստեղ կառավարության ծրագրերի փոխարեն պարբերաբար ուղարկվել են տարբեր ստուգող ու վերստուգող կազմակերպություններ, տարբեր գերատեսչություններ, տարբեր համարներով վարչություններ, որոնք համայնքապետարանից մշտապես ձեռնունայն են գնացել եւ մշտապես առաջացրել իրենց տերերի զայրույթը։ Պատճառը, ինչպես ասացին գյուղապետարանում, Հրաչի կուսակցական պատկանելությունն է եղել։ Փաստորեն, Կոտայքի մարզպետը, ինչպես նաեւ իշխանական վերին տիրույթում էլի չինովնիկներ, չեն հաևդուրժել, որ Կոտայքի մարզի 67 համայնքներից մեկի ղեկավարը դաշնակցական լինի։ Չեն հաևդուրժել, ու Հրաչ Մուրադյանն էլ, այսպես ասած, իրենց «պրիզնատ» չի եկել։ Այստեղից էլ՝ Կովալի տված հետմահու բնութագիրը։

Իսկ ահա Կովալենկո Շահգալդյանը՝ Կոտայքի մշտնջենական մարզպետը, իր ղեկավարած մարզի ամենամեծ համայնքներից մեկում՝ Պռոշյանում, հայտնվել է ընդամենը երեք անգամ։ Եվ գիտե՞ք առիթը որն է եղել, իհարկե՝ ոչ աշխատանքային, այլ համապետական ընտրությունները։

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930