Օրեր առաջ գրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը, ի տարբերություն նախագահի նախորդ ընտրություններին հաջորդած շրջանների, քաղաքակիրթ բնույթ ունի, եւ մեզանում ներմուծվում է քաղաքական նոր մշակույթ` առանց քարուքանդ անելու բաղադրիչի: Բայց այժմ այդ «նոր մշակույթը» այլ երանգներ է ստանում:
Ր.Հովհաննիսյանի «հետընտրական քարոզարշավի» ընթացքում հաճախ են տարօրինակ մտքեր արտահայտվում, բայց երկու միտում է նկատվում, որոնք մեզ ոչ միայն տարօրինակ են թվում, այլեւ վտանգավոր:
Առաջինը եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու ակամա կամ գիտակցված կոչերն են: Այս մասին չէինք խոսի, եթե դրանք շարունակական բնույթ չունենային: Բայց այդպես չէ:
Օրերս Էջմիածին քաղաքում հանդիպման ժամանակ նա նախ հիշեցրեց, որ մարտի 31-ին Ազատության հրապարակից եկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` մասնակցելու Հարության պատարագին, եւ լսելու Վեհափառի խոսքը: Իսկ նա ասել է. «Թող ոչ մեկը իր սեփական ճշմարտությունը չպարտադրի որեւէ մեկին կամ ժողովրդին»:
Թե ինչ կամ ում է ակնարկել Ամենայն Հայոց կաթողիկոսը, ակնհայտ է, սակայն Հովհաննիսյանը ասվածին այլ մեկնաբանություն է տվել. «Ես վստահ եմ, որ ինքը դա ասում էր Սերժ Սարգսյանի մասին, որովհետեւ ժողովուրդը իրենն ասել է»: Եվ հավելել է. «Խնդրում եմ, որպես հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության ձայնը ստացած, որդիաբար խնդրում եմ, Վեհափառ, սուրբ դարպասներից այս կողմ եկեղեցին բարձր պահեք, սուտ երդում թույլ չտաք` հանուն Աստծո ու մեր ժողովրդի»:
Սա ոչ այլ ինչ է, քան կաթողիկոսին անելիք պարտադրել. չմասնակցել վերընտրված նախագահի երդմնակալության արարողությանը եւ գալ Ազատության հրապարակ: Այս հորդորի տրամաբանությունը ո՞րն է, այն էլ ծոմապահությունը սրբորեն հարգող հավատացյալի կողմից արված, հավատացյալի, որն իր անորոշ պահվածքով ու հայտարարություններով փաստորեն դատարկեց Ազատության հրապարակը:
Ճիշտն ասած, չենք հիշում, որ նախագահի նախորդ ընտրություններից հետո, երբ դժգոհների թիվը շատ ավելի մեծ էր, նման կոչեր հնչեին:
Բավական չէ, որ հայոց եկեղեցուն անընդհատ հարվածում են օտար պատվիրատուների այլազան ստրուկներ, փորձում վարկաբեկել եկեղեցին, հիմա էլ մենք ենք եկեղեցուն հորդորում կանգնել «ուղիղ ճանապարհի» վրա: Ընդ որում, սեփական որոշումով: Սա անթույլատրելի կեցվածք է:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
«Հայոց աշխարհ»