Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով ձերբակալված Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները Հանրապետական կուսակցության անդամ չեն, եւ առհասարակ կուսակցական չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հրաչ Մուրադյանի ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանը:
Նա նշել է, որ եղբայրներն իր համագյուղացիներ են, եւ բնականաբար, ճանաչում է վերջիններս, սակայն որեւէ հարազատական, բարեկամական կապ չկա: Արթուր Մուրադյանն ասել է, որ նրանց հետ երբեւէ չի առնչվել, ընդհանուր գործ չեն ունեցել, երբեմն-երբեմն գյուղում հանդիպել են, զրուցել են: Իսկ վերջին անգամ նրանց տեսել է մոտ 10 օր առաջ, բարեւել է եւ անցել:
Եղբայրները մոտավորապես 30-32 տարեկան են, ամուսնացած են եւ ունեն երեխաներ: Նրանցից մեկը աշխատում է «Ջրմուղում», իսկ մյուսը` գյուղատնտեսությամբ է զբաղվում: Պետրոսյան եղբայրներն ունեն «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, բայց այն ոչ թե սպիտակ է, այլ՝ «ոնց որ սպիտակի վրա ցեխ լցրած լինի» (գյուղապետի սպանության ականատեսներից մեկը ասել էր, թե սպիտակ «Նիվա» է տեսել-խմբ): Արթուր Մուրադյանը նշել է, որ ինչ հիշում է, նրանց մեքենան այդ գույն է եղել:
Գյուղապետի նախկին թեկնածուի խոսքով` նրանք շատ համեստ երիտասարդներ են, «ոչ մեկին թթու խոսք ասած չկան»: Նա տեղեկացրել է, որ եղբայրները աշխատանքի բնույթով առնչվել են Հրաչ Մուրադյանի հետ, սակայն երբեւէ չի լսել, որ հակասություն ունենան վերջինիս հետ, վիճեն կամ որեւէ խնդիր ունենան: Հարցին, թե ինչ եք կարծում` իսկապես իրե՞նք են սպանությունը կատարել, նա պատասխանել է, որ ինչպես կարող է ինքը նման բան ասել: Դիտարկմանը, թե հնարավոր է նրանք ուղղակի կատարող են եւ կա պատվիրատու, Արթուր Մուրադյանը նշեց. «Աստված վերեւ, մենք` ներքեւ, ես չեմ կարող նման հարցերի պատասխանել: Ես ինչ իմանամ»:
Կարդացեք նաև
Արթուր Մուրադյանից հետաքրքրվել են նաեւ, թե որտեղ է եղել դեպքի օրը, սպիտակ «Նիվա» ունի, թե ոչ, ինչին ի պատասխան հայտնեց, որ դեպքի օրը առավոտ վաղ տանն է եղել, պատրաստվում էր գնալ հողամաս: Նա նաեւ տեղեկացրել է, որ սպիտակ «Նիվա« չունի, ընդհանրապես վարորդական իրավունք էլ չունի: Հարցին, թե ձեր տունը խուզարկելիս ինչ-որ բան գտել են, նա պատասխանել է. «Ոչ մի բան, ոնց կարելի է, ես մաքուր, հասարակ գյուղացի ապրող մարդ եմ»:
Կմասնակցի Արթուր Մուրադյանը նշանակվելիք ՏԻՄ ընտրություններին, թե ոչ, նա նշեց, որ «դեռ պատրաստ չէ ոչ մի ընտրության, այդպիսի բան չի կարող լինել, քո մարտական ընկերը զոհվի, դու ոնց որ սպասես այդ մահին, նման բան չկա»:
Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյան գյուղում միջադեպ էր գրանցվել գյուղապետի մասնակցությամբ: Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` վերընտրվելու կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ծեծկռտուք էր եղել գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա մրցակից Արթուր Մուրադյանի կողմնակիցների միջեւ: Ըստ շրջանառվող լուրերի` դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջեւ պապենական թշնամություն կա, նրանք մինչ ընտրությունները ընտանեկան հակամարտության մեջ են եղել, սակայն նախընտրական շրջանում հանգիստ են իրենց դրսեւորել: Փաստի առիվ նյութեր են ստեղծվել եւ 2012թ հոկտեմբերի 5-ին, այդ նյութերով որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով մերժել քրեական գործի հարուցումը: Ըստ այդ հոդվածի`քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանների անունները, որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: