Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը խոսեց Ազգային գրադարանի հիմնանորոգման ընթացքում կատարված «ատկատների» մասին:
ՀՀ նախագահի հանձնարարություններից հետո, որոնք վերաբերվում էին «ատկատներին», պարզվեց նաեւ, որ Հայաստանի ազգային գրադարանի վերանորոգման արդյունքում գումարներ են հափշտակվել՝ մոտ յոթ հարյուր միլիոն դրամ, ինչի հետ կապված գործ հարուցվեց ու պարզվեց, որ քսան միլիոն դրամ է, եւ նրան, ում պետք է պատժել, որն այս դեպքում կապալառուն է` մահացել է: «Ինչ անեն, ինչ չանեն, քաղաքաշինության նախարարությունից գտնում են Գոռ Քամալյանին, հրավիրում ոստիկանություն, նա էլ առանց որեւէ կասկածի ներկայանում է ոստիկանություն, ձերբակալում են, ընդ որում, սա այնքան կապ չունեցող սուբյեկտ է, որ նույնիսկ պաշտպան չուներ: Երեք ամիս անց նոր պաշտպան հրավիրեցին, այսինքն՝ ինձ», -ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ Գոռ Քամալյանը օրենսդրությունը չի խախտել, պաշտոնական դիրք չի չարաշահել, գումարներ չի շորթել, ու իրական մեղավորն այս գործում ուրիշն է, մի քանիսն են, նրանցից մեկը` շինարարության տեխնիկական հսկիչը, մյուսը` այն ՍՊԸ-ն, որն իրականացրել է հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ քաղաքաշինության նախարարության այլ աշխատակիցներ:
Գոռ Քամալյանը, ըստ Սիրունյանի, անցյալ տարվա սեպտեմբերից կալանավորված է, այն դեպքում, երբ իրական մեղավորներն ազատության մեջ են, ու մինչեւ հիմա գործը դեռ դատարանում չէ, անընդհատ երկարացվում է նրա կալանավորման ժամկետը:
Սիրունյանը տեղեկացրեց, որ եթե հաստատվի Գոռ Քամալյանին առաջադրված մեղադրանքը, ապա նա կազատազրկվի վեց տարի ժամանակով:
Կարդացեք նաև
Փաստաբանը հավելեց նաեւ, որ մինչ այժմ իրեն չի հաջողվել ծանոթանալ գործի նյութերի հետ, որովհետեւ այն իրեն չեն տրամադրում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ