Տարիներ առաջ՝ դեռեւս նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք, Գյումրի այցելած Եվրոպայի մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համմարբերգը, շրջագայելով Ավտոկայան թաղամասի տնակներում, ապշել էր վխտող առնետներից ու կաթկթացող տանիքներից: Նա այդ ժամանակ անմիջապես հայտարարեց, որ խախտվել է մարդկանց ամենատարրական իրավունքը՝ ապրելու իրավունքը:
Չնայած այսօր քիչ թե շատ բավարարվել է երկրաշարժից անօթեւան մնացածներից շատերի՝ բնակարան ունենալու պահանջը, այդուհանդերձ՝ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը փաստում է, որ Գյումրիից իրենց հղված դիմումների գերակշռող մասը հենց բնակարանային թեմայով է: «Ճիշտ է, աղետի գոտի տերմինը ես ցավով եմ նշում, որովհետեւ 25 տարի անց օգտագործել աղետի գոտի հասկացությունը ինձ ցավ է պատճառում, բայց դեռ մենք ստիպված ենք լինում օգտագործել, որովհետեւ ամենաշատ բողոքները, որ մենք ստանում ենք, երկրաշարժից տուժածների հետ կապված խնդիրներն են, ասենք՝ բնակարանի ապահովման գործընթացում անարդարությունները: Քաղաքաշինության նախարարության ոլորտում մենք սա նշել էինք որպես 2012 թվականի մեծ խնդիր, եւ իհարկե, էստեղ կան նաեւ սոցիալական ոլորտի խնդիրներ, աղքատության հետ կապած հարցեր, նաեւ որոշ իմաստով դժգոհություններ իրավական համակարգից: Բայց, ցավոք, Շիրակի մարզը դեռ մեզ դիմում է որպես աղետի գոտի՝ բնակարանային խնդիրներով»,- ասաց Կարեն Անդրեասյանը: Օմբուդսմենը նաեւ ակնարկեց, որ լավ կլիներ այս խնդիրը ավարտված լիներ, ու ինչպես մյուս մարզերում՝ իրենք խոսեին ավելի «առաջադեմ» խնդիրներից: Մարդու իրավունքների պաշտպանի միտքը շարունակեցին գյումրեցի լրագրողները՝ նեղվելով, թե՝ մի՞թե մարդու իրավունքների խախտում չէ, որ Գյումրիում 4000-4500 ընտանիք դեռ անօթեւան է, գլխին տանիք չունի, հույս էլ չունի բնակարան ստանալու, իսկ կառավարությունը աբսուրդ պատասխան է ուղարկել անօթեւանների խնդիրը վերջնականապես լուծելու Գյումրու ավագանու գրավոր նամակին՝ նշելով, որ անօթեւանների խնդիր կա ոչ միայն Գյումրիում, այլեւ հանրապետության մյուս բնակավայրերում: «Սա ինձ վրդովեցնող, մտահոգող, անհանգստացնող հիմնական խնդիր է, եթե ես մարզից պետք է դուրս բերեմ մի կոնկրետ խնդիր, իսկ ես սա չեմ սիրում, որովհետեւ անտեսվում են մնացած տասնյակ խնդիրները, բայց, այո, ամենամտահոգող խնդիրն է: Եվ ես հույս ունեմ, որ կա այդ հնարավորությունը, մենք պատկերացնում ենք՝ կա այդ ռեսուրսը, եւ եթե ճիշտ աշխատեն մարզային իշխանությունները, միգուցե տարվա ընթացքում մենք լուրջ առաջընթաց կգրանցենք»,- տեղի իշխանություններին ուղղորդեց մարդու իրավունքների պաշտպանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ