Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Ռախմանինովի մասին. «Ահա այն ձեռքերը, որոնք արժեն միլիոններ»

Ապրիլ 03,2013 22:56

«Նարեկացի» արվեստի միությունում այսօր տեղի ունեցավ վոկալ երաժշտության համերգ` նվիրված Ս. Ռախմանինովի 140-ամյակին:

Aravot.am-ի հետ զրույցում սոպրանո, օպերային երգչուհի Արևիկ Գրիգորյանը, ով կատարեց 11 ստեղծագործություն Ռախմանինովից, ասաց. «Ռախմանինովն իմ ստեղծագործական կյանքում շատ մեծ դեր է կատարում, որովհետև ես` ինքս, սովորած տարիներից միշտ նախընտրել եմ ծրագրում ունենալ այս կոմպոզիտորին: Ինչո՞ւ: Որովհետև, ըստ իս, որպես կատարողական արվեստ` ինքը շատ բարդ ստեղծագործություններ է ներկայացնում իր մեջ` խիստ փիլիսոփայական, խիստ երգային: Ռախմանինովն իր ստեղծագործությունների մեջ արդեն իսկ ներառում է ամբողջականությունը: Այն կատարելիս ես լիցքավորվում եմ դրական էներգիաներով: Յուրաքանչյուր կատարման հետ մտածում ես ցանկացած ստեղծագործության տեքստի բովանդակության մասին` մեկը խիստ լիրիկական է, մյուսը խիստ քնարական է, փիլիսոփայական: Մինչև չհասկանաս իր գրած ստեղծագործության բուն իմաստն ու բովանդակությունը` Ռախմանինովին չես կարող կատարել»:

Երգչուհու մայրը` Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիրիժոր Սաթիկ Վարդանյանն նշեց. «Ռախմանինով կատարելու համար առաջին հերթին բարձր պրոֆեսիոնալ գրագիտություն է հարկավոր, մեծ կամք, արտիստիզմ, Ռախմանինովի գույն և որակ: Շատ բարդ է Ռախմանինով ներկայացնելը: Մեկ-երկու ստեղծագործությունը հասկանալի է, բայց մի ամբողջ շարք Ռախմանինովից շատ բարդ է, պրոֆեսիոնալիզմ է պետք»:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, «Գոհար» երգչախմբի անդամ` Սոնա Զառաֆյանը համերգից առաջ հանդես եկավ Ս. Ռախմանինովին նվիրված զեկուցումով, որում, մասնավորապես, ասաց. «Սերգեյ Ռախմանինովն այն կոմպոզիտորների և մտավորականների շարքին է դասվում, ում ստեղծագործությունն ամբողջությամբ հագեցված է ռուսական ոգով: Նրա երաժշտության մեջ կարևոր և գլխավոր դեր է կատարում ռուսական ճակատագրի թեման: Նա ստեղծագործեց այն ժամանակաշրջանում, որը կոչվում է Արծաթե դար: Սկսելով ստեղծագործել վառ ռոմանտիզմի լույսի ներքո, այնուհետև նա կարողանում է իր ոճում սինթեզել այնպիսի ուղղություններ, ինչպիսին է ռուսական ավանդական ոճը, նեոկլասիցիզմը, իմպրեսիոնիզմը և շատ այլ ուղղություներ: 1917թ-ին չկարողանալով ընդունել հեղափոխությունը` նա ստիպված հեռանում է Ռուսաստանից: Հեռանում է որովհետև զգում է, որ այնտեղ այլևս չի գնահատվում իր արվեստը: Սկզբում հեռանում է համերգային շրջագայություններով դեպի Եվրոպա, այնուհետև հաստատվում է ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում նրա փառքը հասնում է գագաթնակետին: Առաջին հերթին հանդես է գալիս, որպես դաշնակահար: Նրա անվան շուրջ պտտվել են լեգենդներ: Մեկ անգամ ԱՄՆ-ում, երբ ցանկանում են Ռախմանինովին լուսանկարել, վերջինս փակում է իր դեմքը ափերով: Հաջորդ օրը ամսագրում հայտնվում է նրա լուսանկարը և մի գրություն, որտեղ ասված է. «Ահա այն ձեռքերը, որոնք արժեն միլիոններ»»:

Արմինե Համբարձումյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930