Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաշենիկցիները գտնում են, որ գյուղի տրանսպորտից օգտվելը թանկ է

Ապրիլ 03,2013 22:47

Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղական համայնքի բնակիչները գյուղի հիմնական խնդիրներից ու գյուղացիների առօրյա հոգսերից զատ, պակաս կարեւոր չեն համարում տրանսպորտի  խնդիրը:

Նորաշենիկցիներն օգտվում են Կապան-Անտառաշատ գյուղը սպասարկող տրանսպորտային միջոցից, որն աշխատում է օրը 2 անգամ: Յուրաքանչյուր ուղեւոր տրանսպորտից օգտվելիս վճարում է 300 դրամ, բնակիչները գտնում են, որ տոմսի արժեքը գյուղացու գրպանի համար շատ բարձր է: «Ես քաղաքում եմ աշխատում, ամեն աշխատանքային օր քաղաք գնալու եւ գյուղ վերադառնալու համար պետք է օրական 600 դրամ գումար վճարեմ: Նույնիսկ 6 տարեկան երեխան պայուսակը ձեռքին նստում է տրանսպորտ՝  գումար է վճարում: Բացի այդ, այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ նորաշենիկցին պետք է վճարի նույն գինը, ինչ վճարում է ավելի հեռու գտնվող Անտառաշատ գյուղի բնակիչը: Կապանից Քաջարան ավելի հեռու է, քան Նորաշենիկը, բայց այդ  գծից օգտվելիս բնակիչները նույնպես 250-300 դրամ են վճարում», -ասաց Նորաշենիկի բնակչուհի տիկին Աննան:

Նույն գյուղի բնակչուհի Իսկուհին էլ տեղեկացրեց, որ ուսանողուհի աղջիկ ունի, ով Կապանի բժշկական քոլեջում է սովորում, նաեւ տրանսպորտի ծախսերից ելնելով  ստիպված քաղաքում բարեկամի տանն է հաստատվել, որտեղից էլ քոլեջ է հաճախում: Նորաշենիկցիներից շատերն էլ քաղաք մեկնում են պատահական մեքենաներով:  Նշենք, որ Նորաշենիկը Կապանից 18 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ Անտառաշատ գյուղը` 24 կմ:

Կապան-Անտառաշատ երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդ Վաչե Փարամազյանն էլ պարզաբանեց, որ իրականում գիծն աշխատացնելը ձեռնտու չէ, ուղեւորները շատ քիչ են, ստացած գումարն էլ հազիվ հերիքում է մեքենայի ծախսերը հոգալու համար: «Եղած գումարը հազիվ վառելիքի, անվադողերի, մեքենայի յուղի եւ հարկայինի վճարների ծախսերին է բավականացնում, օր է պատահում նույնիսկ գրպանիցս եմ վառելիքի գումար վճարում, ստիպված եմ աշխատում` մի կտոր հացի փող ունենալու համար: 300 դրամը միջին գին ենք դրել, որպեսզի մարդիկ կարողանան օգտվեն: Որ ինձանով լինի՝ չեմ էլ աշխատի, ուղղակի գյուղացիների խաթր եմ գնում: Ժամանակ է լինում, նույնիսկ դատարկ եմ գյուղ գնում, մարդ չի լինում, որ ճանապարհին գոնե մեկի հետ զրուցեմ: Օրական հազիվ 4000-5000 դրամ գումար է հավաքվում, դա էլ  լավագույն դեպքում: Գծից մոտ 5-6 գյուղի բնակիչներ են օգտվում, բայց քիչ թվով, Նորաշենիկից համարյա մարդ չի էլ  օգտվում, շաբաթվա մեջ մեկ կամ երկու հոգի հազիվ», – հավելեց Վաչե Փարամազյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930