Ակտիվ երիտասարդներով բնակեցված համայնքներում ավելի հեշտ է զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել:
«Լոռու մարզի գյուղական համայնքների զարգացման գործում երիտասարդների ակտիվությունը մեծ դեր ունի»,-այդ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է Վանաձորում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսությունը եւ գործնական քայլերը հանուն փոփոխությունների» ծրագրի օգնական Լիլիթ Սինդոյանը` նկատելով, որ ակտիվ երիտասարդներով բնակեցված համայնքներում ավելի հեշտ է զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել:
«Այն համայնքներում, որտեղ կան ակտիվ երիտասարդներ, ավելի հեշտ է իրականացնել նախաձեռնողական, զարգացնող ծրագրեր, քանի որ տվյալ համայնքների երիտասարդների հետ համատեղ ուժերով հնարավոր է համայնքի համար որեւէ լավ գործ անել»:
Երիտասարդներին ակտիվացնելու նպատակով էլ այսօր Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսությունը և գործնական քայլերը հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում. երիտասարդների դերը» թեմայով դասընթացն էլ մասնակից ուսանողներին զինեց համապատասախան գիտելիքներով:
Կարդացեք նաև
«Վանաձորի տարբեր բուհերի ուսանողներ գիտելիքներ ստացան, թե ինչպես կարելի է զարգացնել գյուղական համայնքները, ծանոթացան այդ գործում իրենց դերին ու նշանակությանը, նաեւ թե ինչպես պետք է գրել փոքր նախաձեռնություններ համայնքի զարգացման համար»,-մեզ հետ զրույցում տեղեկացնում է Լիլիթ Սինդոյանը:
Նա նշում է, որ առաջիկայում դասընթացի մասնակիցները հանդես կգան գյուղական համայնքի զարգացման վերաբերյալ տարաբնույթ ծրագիր-առաջարկներով: Հավանության արժանացած ծրագրերը կյանքի կկոչվեն Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ