Նա հետաքրքրվեց մեր «գործընկերներից», թե ո՞ւմ համար են աշխատում:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը չնախատեսված կանգառ ունեցավ Չարենցավանում: Նա սկսեց քայլել փողոցներով , բարեւել մարդկանց եւ հիշեցնել, որ ապրիլի 9-ին ժամը 11-ին Ազատության հրապարակ գան:
Նա նույնիսկ մտավ Չարենցավանի 275 համարի երթուղային ավտոբուս, ուղեւորներին բարի ճամփա մաղթեց եւ հուշեց, որ ապրիլի 9-ին կհանդիպեն:
Չարենցավանցիները Րաֆֆի Հովհաննիսյանին հաղթանակ մաղթեցին: Ուշագրավ էր բնակիչներից մեկի դիմելաձեւը «Ժառանգության» առաջնորդին, երբ վերջինս հրավիրեց ամսի 9-ին Երեւան. «Եղավ, ջիգյար, կգանք անպայման»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց չարենցավանցիներին, որ ինքը պարտավորություն ունի իրենց հաղթանակի առջեւ: «Է, մեջը ի՞նչ կա»,- հարցրեց բնակիչներից մեկը: «Ամեն ինչ կա»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բարեւների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ այս անգամ էլ քաղաքացիական հագուստով մեկը իրեն հետեւում է: Ընդ որում, տեսանկարահանողը Մերսեդես C180 տեսակի 07UO969 պետհամարանիշի ավտոմեքենայով էր, իսկ այդ ավտոմեքենան գալիս էր Րաֆֆի Հովհաննիսյանի մեքենայի հետեւից այսօր Աբովյանից ու Նոր Հաճընից սկսած:
Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց երիտասարդին ներկայանալ եւ բարեւել. «Րաֆֆի, քո՞ անունը, ինչո՞վ ես զբաղվում»: Տղան մի քիչ տատանվելով պատասխանեց. «Ազատ լուսանկարիչ», թեեւ ձեռքին ոչ թե ֆոտոխցիկ էր, այլ՝ տեսախցիկ եւ նա առնվազն պիտի լիներ օպերատոր:
Րաֆֆի Հովհաննիսյանը տարակուսեց. «Ազա՞տ, թե՞ այդքան ազատ չես: Հա՞: Որտե՞ղ ես աշխատում, ասա՝ որտե՞ղ: Ասեք՝ հետեւենք, մի՛ ամաչեք»: Մեր «գործընկերը» խուսափողական պատասխան տվեց՝ ասելով, թե Չարենցավանում չի աշխատում, Երեւանում է աշխատում, չէ, չի ասի:
Նման մի միջադեպ էլ եղավ Սեւան քաղաքում: Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ բարկացած բռնեց անհայտ օպերատորի ձեռքը եւ հարցրեց. «Անցյալ անգամ, երբ Սեւանում էինք, յուրաքանչյուր խանութ մեզ հետ էիք, Էդգա՛ր: Հիմա ասեք այս կամերաների, ոստիկանների առջեւ՝ ո՞ւմ համար եք աշխատում»: Էդգարը վստահեցրեց, որ աշխատում է Սեւանի համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ