Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողը դատարանում «խմած» վիճակում էր, դատավորին շարունակ «հա ջան» էր ասում

Ապրիլ 03,2013 20:33

Նա  երկնչում  էր իրեն կողոպտածի   դեմ ցուցմունք տալ:

Ապրիլի 2-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ  Սամվել Պապյանի դատավարության առաջին նիստը:

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված  Ս. Պապյանը մեղադրվում է  այն բանում, որ  2013թ. հունվարի 19-ին, ժամը 17-ի սահմաններում Դիլիջանի բնակիչ Սերգեյ Ռուդամյոտկինին պատկանող «Ֆորդ Մոնդեո» ավտոմեքենայում դիլիջանցի Գագիկ Ղազարյանի գույքին տիրանալու նպատակով բացահայտ հափշտակել է  վերջինիս պատկանող ոսկյա մատանին, ձեռքի ժամացույցը եւ «Նոկիա» ֆիրմայի բջջային հեռախոսը, նրան պատճառելով 168 հազար դրամի վնաս:

Նախկինում դատված Ս. Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով ( «Կողոպուտ»):  Ամբաստանյալը իրեն մեղավոր չհամարեց, հայտարարելով, որ այդ գործով ինքն է տուժողը: Նրան պաշտպանում է  հանրային պաշտպանի  գրասենյակի փաստաբան Կարեն Ղալումյանը:

Վերջինիս միջնորդությամբ  դատարանն  ամբաստանյալի երկու քույրերին ներգրավեց  որպես վկաներ:  Տուժող  42-ամյա Գագիկ Ղազարյանը դատարան էր եկել սպորտային անխնամ հագուստով: Նա դատարանում անհավասարակշիռ  պահվածք  ուներ, շարունակ իր գլուխը բռնելով ասում էր՝  «էս ինչ կրակի մեջ  եմ ընկել»: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի այն հարցին, թե ճանաչո՞ւմ է  արդյոք ամբաստանյալին, տուժողն ասաց, որ նրան ճանաչում է որպես «շնորհքով» դիլիջանցի: Դատավորը նրան կոչ արեց ուշադիր լինել, մեղադրողը՝  Տավուշի մարզի դատախազության դատախազ Արարատ Ազիբեկյանը  Գագիկին ասաց, որ նա  «խմած է»»:

Փաստաբան Ղալումյանի  հարցին պատասխանելով՝ Գ. Ղազարյանն ասաց, որ ինքն ամեն օր «խմում է»:   Դատավորի հարցերին պատասխանելիս Գագիկը շարունակ  ասում  էր՝ ««հա ջան»: Նա  դատարանում հայտարարեց, որ  բողոք չունի, միայն թե վերադարձվի իր «ապրանքը»»:  Նա  դժկամությամբ  էր ցուցմունք տալիս, ասելով,որ չի բողոքում: Դատավորը   հիշեցրեց, որ նա արդեն բողոքել է, որի  հետեւանքով ամբաստանյալը կալանքի տակ է: Գ. Ղազարյանը  չէր կարողանում հանգիստ մնալ, ասում էր՝ «սիրտս վատ է, ճնշում ունեմ»: Դատավորը հայտարարեց 15 րոպե ընդմիջում:

Հետո ամբաստանյալը հայտարարեց, որ  տուժողը  ստում է, նա  իր  կամոք  է տվել  ժամացույցն ու հեռախոսը, որ հետագայում ինքը  մի ճաշարանում սնվելով՝ ժամացույցը  գրավ է  թողել: Դատավորը նկատի ունենալով, որ տուժողի  դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների մեջ հակասություններ կան, հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները; Նախաքննության ժամանակ տուժողը ցուցմունք  էր տվել ,որ Ս.  Պապյանի  եւ մեկ այլ  անձի հետ տաքսիով Դիլիջանից Իջեւան են գնացել:  Վերադարձի ճանապարհին Պապյանն ասել է, որ Գագիկի փեսան իրեն գումար է պարտք: Գագիկն ասել է, որ իր փեսան պարտք չէ, եթե նույնիսկ պարտք է, ինքը դրա հետ գործ չունի: Ս. Պապյանն ասել, է, որ ոչ միայն փեսան է պարտք, այլ նաեւ՝ Գագիկը, քանի որ երբ ինքն ազատազրկման վայրում էր, նա  իր համար ծխախոտ չի բերել ու Գագիկի  ձեռքից հանել է մատանին,ժամացույցը, խլել հեռախոսը:  Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 5-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930