Թուրքիայի նախկին գեներալ Լիվենտ Էրսոզը հարցաքննվել է դատախազության կողմից Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մահվան հետ առնչություն ունենալու կապակցությամբ: Գրում է «Հյուրիեթ» թերթը:
«Հասկանալի է, որ դուք մասնակցել եք ութերորդ նախագահ Թուրգութ Օզալի սպանությանը՝ թունավորելով նրան. ցուցմունք տվեք այս մեղադրանքի վերաբերյալ», – Էրսոզին քննելիս ասել է Անկարայի գլխավոր դատախազ Քեմալ Չեթինը, ապրիլի 2-ին, Ստամբուլի Չափա հիվանդանոցում, որտեղ Էրսոզը բուժում է ստանում:
Էրսոզը, որը նաև կասկածվում է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ, երեքժամյա հարցաքննության ընթացքում հերքել է բոլոր մեղադրանքները:
Դեկտեմբերին կատարված Օզալի արտաշիրմման ժամանակ Թուրքիայի դատաբժշկական ինստիտուտը նախկին նախագահին թունավորելու ոչ մի ապացույց չգտավ, սակայն Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ իրենք հետաքննությունը կվերսկսվեն այլ բացահայտումների օգնությամբ, ու սկսեցին ենթադրյալ սպանության վերաբերյալ հարցաքննություններ կատարել:
Կարդացեք նաև
Թուրգութ Օզալը մահացել է 1993թ., պաշտոնական վարկածով ինֆարկտից: Այդ ժամանակ նա ջանքեր էր գործադրում, որպեսզի կարգավորի թուրք-քրդական հակամարտությունը: Խոսակցություններ կան, որ այս գործընթացը զայրացրել էր թուրք զինվորականներին, ինչի համար էլ նրան թունավորելով սպանել են:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ