Լոռեցիները եւս հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալ Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին:
Առաջիկայում Եվրամիության կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի եւ զարգացման հանագործակցության մասին լոռեցիները եւս հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալ:
Այս տարվա հունվարի 31-ին Երեւանում բացված ԵՄ կենտրոնը, որն իր առջեւ խնդիր է դրել ապահովել ՀՀ ողջ տարածքում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին տեղեկատվության տարածմանը, առաջիկայում «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի շրջանակներում տեղեկատվական շարժական կենտրոններով շրջայցեր կկազմակերպի ՀՀ մարզեր, այդ թվում եւ Լոռի:
«Լոռին բավական հետաքրքրական մարզ է: Ինձ համար մարզը հետաքրքիր է նաեւ մշակութային ժառանգությամբ հարուստ լինելով: Երբ Եվրամիության տեղեկատվական շարժական կենտրոնը գա Լոռի, այստեղի բնակիչներն ավելի շատ բան կարող են իմանալ կազմակերպության` Հայաստանում գործունեության մասին, եւ մասնավորապես` այն ինչ է անում Լոռու մարզում»,-այսօր «ՀԿ կենտրոն» ՔՀԶ հ/կ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծրագրի ղեկավար Էթել Հալլիսթեն:
Կարդացեք նաև
Նա նկատում է, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ոչ բոլոր ծրագրերի մասին է հանրությունը պատշաճ տեղեկատվություն ստանում, ծրագիրը միտում ունի լրացնելու այդ բացը. «Եվրամիությունը Հայաստանում արած բազմաթիվ ծրագրեր ունի, եւ մենք ուզում ենք այդ ամենի մասին տեղեկացնել: Մենք օժանդակում ենք մյուսներին` ներկայացնելու, թե իրենք ինչ են անում, որովհետեւ շատ բան է արվում, բայց տեղեկություն չկա»:
Ծրագիրը հաջողություն ունենալու դեպքում կներդրվի նաեւ Եվրամիության մյուս Արեւելյան գործընկեր երկրներում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ