Լրահոս
Օրվա լրահոսը

«Իդեալական կին փնտրող տղամարդը պիտի առնվազն իդեալական լինի». Պատկերացումներ իդեալականի մասին

Ապրիլ 03,2013 18:20

«Իդեալական կին կամ տղամարդ լինելու համար նախ պետք է լինել Մարդ. Չէ՞ որ բարիությունը, ուշադրությունը, այլոց օգնելու պատրաստակամությունը վկայում են նրա մարդկային հատկանիշների մասին, եթե այդ ամենը լինի, թե’ կինը, և թե տղամարդը իդեալական կհամարվեն»,-ասում է 19-ամյա Նոնան:
«Առավոտ երիտասարադականը» փորձեց պարզել երիտասարդների պատկերացումներն իդեալական կանանց և տղամարդկանց վերաբերյալ: 21-ամյա Ռիման ասում է. «Իդեալական կին փնտրող տղամարդը պիտի առնվազն իդեալական լինի: Մարդիկ առանձին վերցրած իդեալականին մոտ տեսակներ են, նրանք կատարյալ չեն, բայց կինն ու տղամարդը միասնություն են կազմում և նրանցից է կախված, թե դիմացինը կպահպանի այդ տիտղոսը, թե` չէ, որովհետև հնարավոր է, որ տղամարդու պատճառով իդեալական կինը դառնա ամենաանբարոյական կամ ամենավատ մարդը»:
Արմանի կարծիքով` իդեալական կինը պետք է թե’ արտաքնապես, և թե հոգեպես գեղեցիկ լինի. «Նույնիսկ երեխա ունեցող կանայք չպետք է մոռանան, որ իրենք կին են, որ տղամարդը, տեսնելով նրանց անխնամ վիճակը, կարող է հիասթափվի: Իդեալական կնոջ վերաբերյալ ամենից շատ հնչեցին այս կարծիքները. նա պետք է ունենա գեղեցիկ կազմվածք ՝ ոչ նիհար, ոչ գեր, արտահայտիչ աչքեր, քաղցր ձայն, կանացիություն, որն իր մեջ ներառում է հանդարտ խոսելաձև և քայլվածք, նաև մի քիչ հուզականություն: Իդեալական կինը չպետք է բամբասի իր ամուսնուց, պետք է հոգ տանի նրա մասին: Իսկ ինչ վերաբերում է իդեալական տղամարդկանց, շատերի խոսքով ՝ նրանք չպետք է խմեն, ծխեն, թմրադեղ օգտագործեն: Պետք է լինեն ուշադիր, հոգատար թե կնոջ, և թե կնոջ հարազատների հանդեպ, չպետք է աչք դնեն նրա ընկերուհիներից որևէ մեկին, չդավաճանեն, չվիրավորեն ու չծեծեն կնոջը. 24-ամյա Լաուրան առանձնացնում է պայմաններ, որոնք պետք է հաշվի առնի իդեալական տղամարդը . «Ասում են` իսկական տղամարդը նա է, ով կարողանում է այնքան վաստակել, որ կինը չի հասցնում ծախսել: Հավերժ իդեալական կին լինելու համար նպաստավոր պայմաններ՝ այդ թվում ֆինանսներ են հարկավոր, որպեսզի կինը ետ չմնա նորաձևությունից, պահպանի իր կանացիությունը, աղքատությունից չճնշվի և բարոյապես չքայքայվի»,-ասում է 27-ամյա Միլենան:
«Remington» ընկերությունը 2000 կանանց շրջանում անցկացրել է ուսումնասիրություն՝ պարզելու, թե տղամարդկանց քանի տոկոսն է համապատասխանում «իդեալական տղամարդու» կերպարին: Պարզվել է, որ նրանք իրենց զուգընկերների իդեալին համապատասխանում են 69%-ով: Կանայք նշել են հատկանիշներ, որոնք չպետք է բնորոշ լինեն այդ տղամարդկանց. շփման անկարողությունը, զուգընկերուհու հետ մեկտեղ նույն ատամի խոզանակի օգտագործումը, այնուհետև փնթփնթոցը, երեխաների հանդեպ անուշադրությունը, ծուլությունը, չսափրված լինելը, մայրերի խոսքով շարժվելը , ագրեսիվությունը և այլն: Կանայք նշել են նաև հատկանիշներ, որոնցով պետք է օժտված լինի իդեալական տղամարդը. ըմբռնողությունը, հումորի զգացումը, արտաքին տեսքը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930