Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը ընտրությունների թեմայով իր զեկույցի մասին. «Բաց չեմ թողել ոչ մի լավ բան և ոչ մի վատ դեպք»

Ապրիլ 03,2013 17:57

Երեկ Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց իր զեկույցը, որը գնահատականն էր 2013 թվականի նախագահական ընտրությունների: Կարեն Անդրեասյանի դիտարկմամբ, ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրա արդարությանը: Նա բավական խիստ գնահատականներ հնչեցրեց ոստիկանության, դատախազության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սահմանադրական դատարանի հասցեին`նշելով, որ այս կառույցներն ամենաբիրտ խախտումների դեպքում անգամ չեն արձագանքում: Ավելին, ընտրակաշառքի մասին հարյուրավոր ահազանգերից և ոչ մեկը չի բացահայտվել: Aravot.am-ը պարոն Անդրեասյանից հետաքրքրվեց, թե նման խիստ գնահատականից հետո իշխանությունները ինչպե՞ս կարձագանքեն, չե՞ն նեղվի, չե՞ն քննադատի իրեն ընդդիմության կողմը անցնելու համար. չէ՞ որ նախկինում նման իրավիճակ ստեղծվել է նախորդ օմբուդսմենի համար: «Զեկույցը դեռ այսօր ենք հնչեցրել, բայց տեսել ենք, որ նմանատիպ մոտեցմամբ, երբ ասում են լավն էլ, վատն էլ, մեզ քննադատում են պետական շատ մարմիններ: Ի՞նչն է մեզ ուրախացնում, որ ընդհանրապես հասարակական կազմակերպությունները, ոչ իշխանական ուժերը ըմբռնումով են մոտենում մեր այդ հավասարակշռված մոտեցմանը, իսկ օրինակ` տարեկան զեկույցի ժամանակ էդպես բուռն էր առանձին պետական իշխանական ներկայացուցիչների ռեակցիաները: Մենք հուսանք, որ ընտրությունների մեր գնահատականը, որը էլի նույն սկզբունքներով է արված` հավասարակշռված, տրված է ճշմարտությունը և՛ այս կողմից և՛ այն կողմից, կընկալվի ոչ թե որպես ինչ-որ հարված կամ հատուկ քաղաքական դե մարշ, այլ կընկալվի որպես ցավ, քննադատություն այն դեպքերում, երբ որ կա պրոբլեմը, և ուրախություն, երբ ինչ-որ բաներ ավելի լավ են ստացվել: Թե ինչպե՞ս են գնահատում, այդ գնահատականները արդեն իմ խնդիրը չէ, ես գնահատում եմ գործընթացները, որովհետև դա է օրենքով իմ պարտականությունը: Կարծում եմ ես իմ պարտականությունը կատարել եմ հնարավորինս բարեխիղճ, բաց չեմ թողել ոչ մի լավ բան, ոչ մի վատ դեպք: Բաց չեմ թողել որևէ ահազանգ, որի մասին ես ստացել եմ կամ, որը տեսել եմ հ/կ-ներից, և եթե մեր տքնաջան աշխատանքը, որը ձեր ձեռքին է` 30 էջերով, որևէ մեկին չի բավարարում, կարող եմ դարձյալ բացատրել, պատկերավոր դարձնել, բայց այդ գնահատականների վրա ազդել կամ ճնշել, ես չեմ կարող և չեմ էլ ցանկանում», -ասաց օմբուդսմենը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930