2004-ի արտադրության ավտոմեքենան գնահատվել է 854 հազար դրամ
Պետական գույքի կառավարման վարչությունը մարտի 4-ին կդիմի կառավարություն` Սյունիքի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող 2004 թվականի արտադրության «ՎԱԶ 21214» մակնիշի տրանսպորտային միջոցը աճուրդով վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավտոմեքենան գնահատվել է 854 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից: Ավտոմեքենայի վաճառքը Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պատճառաբանել է պետբյուջեի մուտքերի ավելացմամբ: Աճուրդի պայմաններով սահմանված է, որ եթե առաջին աճուրդի ժամանակ գույքը չվաճառվի, ապա մարզպետարանը պետք է կազմակերպի նոր աճուրդ` ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ