Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիների սիրիական վարորդական իրավունքները կփոխանակվեն հայկականով` առանց վարորդական քննություն հանձնելու: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը որոշման այսպիսի նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն: Ինչպես տեղեկանում ենք ապրիլի 4-ի կառավարության նիստի օրակարգից, սիրիահայ վարորդներին հայկական վարորդական վկայականները կտրամադրվեն մեկ տարով` պայմանով, որ մեկ տարվա ընթացքում, այդ մարդիկ կհանձնեն որակավորման քննություններ: Փոխանակման համար սիրիահայերից կպահանջվի անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որտեղ պետք է առկա կլինի ՀՀ-ում անձի հաշվառման վայրի մասին տեղեկանք, վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր, փոխանակման ենթակա վարորդական վկայականը, ինչպես նաեւ դրա թարգմանությունը` նոտարական վավերացմամբ:
Ըստ նախագծի, մեկ տարի ժամկետում որակավորման քննություն չհանձնելու կամ բացասական հանձնելու դեպքում, վարորդականները կհամարվեն ուժը կորցրած: Տիկին Հակոբյանի նախագծին դեմ է արտահայտվել արդարադատության նախարարությունը պատճառաբանելով, որ նախագծով կարգավորվող հարաբերությունները կրում են ժամանակավոր բնույթ, հետեւաբար նպատակահարմար է դրանք կարգավորել առանձին իրավական ակտով. «Նախագիծը չի համապատասխանում հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին: Այսպես՝ նախագծի դրույթներն անհրաժեշտ է նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1158-Ն որոշման մեջ՝ որպես լրացումներ: Այդ առումով նախագծի ընդունման անհրաժեշտությունը չկա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ