Ինչ ազդեցություն կարող են ունենալ սոցիալական ցանցերը անչափահասների վրա, ինչ հետևանքների կարող են հանգեցնել և որոնք են խնդրի լուծման տարբերակները` հոգեբանի մեկնաբանությամբ
«Համացանցում մարդիկ ինքնահաստատվում և հանրությանն են ներկայանում իրենց նախընտրած կերպարով: Կարող է իրեն ներկայացնել բարձրահասակ, կապուտաչյա. կեղծ ձևով իրեն ներկայնելով` ամենակատարյալ դրսևորումներով է հանդես գալիս»,- այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց Երեւանի բժշկական պետական համալսարանի դասախոս, Երեւանի հոգեբանական ծառայության հոգեբան Խաչիկ Գասպարյանը:
Ըստ բանախոսի` համացանցը մի կողմից հանդիսանում է ձանձրույթը լցնելու, ցրվելու, տեղեկատվություն ստանալու միջոց, այնուամենայնիվ առաջարկում է չմոռանալ, որ այն հատկապես պատանիների համար շատ վտանգավոր է:
Հոգեբանն առանձնացրեց երկու կարևոր վտանգ, առաջին` պատանին ունենում է ակտիվ վիրտուալ շփումներ և մենք նկատում ենք, որ նա դառնում է ինքնամփոփ, գնում է մեկուսացման: Երկրորդ` վտանգում է ֆիզիկական առողջությունը. «Մասնագետները խորհուրդ են տալիս համակարգչի առջև նստել ոչ ավելի, քան 45 րոպե: Համացանցը տալիս է երևակայական աշխարհ, որտեղ կա բացասական հետևանքներ: Եթե դա գերազանցում է երկու ժամը, ապա նրա օրակարգում կա որևէ խնդիր, որը պետք է լուծել»:
Կարդացեք նաև
Գասպարյանի խոսքով` համացանցը կարող է նաև չարիք լինել թույլ, ինչ-որ կերպ խոցելի մարդկանց և նրանց հոգեբանական վիճակի համար: «Կարող են հայտնվել վտանգավոր այս կամ այն ցանցերում, պոռնոգրաֆիկ սայթերում, սատանայական հոսանքների տակ: Ամեն տարի սոցցանցերում գրանցվող պատանիների թիվը 12-22%-ով ավելանում է»,-ասաց Գասպարյանը, հավելելով, որ աստիճանաբար Հայաստանը ևս ներգրավվում է համացանցից կախվածության մեջ:
Հոգեբանը ծնողներին առաջարկում է կտրուկ արգելքներ չկիրառել` զրկելով համակարգչից. «Ծնողը պետք է այլ ալտերնատիվ տարբերակ մտածի, որով կարող է երեխային զբաղեցնել: Քանի որ այն բացը, որ կա կյանքում, պատանին փորձում է ունենալ վիրտուալ կյանքում: Զրկելով համակարգչից, դրա փոխարեն ինչ կարող են առաջարկել: Պետք է կապը պահպանել պատանու հետ, որպեսզի պատանին ծնողին վստահի, խոսի իրենց հետ, իսկ նրան արգելելով, բոլոր կամուրջները այրելով՝ ավելի վատ արդյունքի կհասնեն: Պատանու հոգեկան աշխարհը տանելու միակ ուղին սիրո ճանապարհն է»,-ընդգծեց Գասպարյանը:
Հոգեբանն առաջարկում է ծնողներին ութ հարցից բաղկացած թեստ անցնել, որն անվճար է, որով էլ կարող է ծնողը պարզել՝ իր երեխան կախվածություն ունի՞ համացանցից, թե` ոչ:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ