Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մարտ ամսին անցկացրած իր հարցումների ընթացքում պարզել է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընտրողներն ամենաշատը՝ 82 տոկոսը տեղեկացված են ՀՀԿ-ի մասնակցության մասին, ԲՀԿ-ից՝ 58,4 տոկոսը, «Ժառանգությունից»` 42,2 տոկոսը, ՕԵԿ-ից ` 20,7 տոկոսը, ՀՅԴ-ից` 13 տոկոսը, Կոնգրեսից` 12,1 տոկոսը եւ «Առաքելությունից»` 7 տոկոսը:
Ադիբեկյանը նշել է, որ «Առաքելությանը» չեն մտցրել հաշվարկի մեջ, կանխատեսելով, որ նա վարկանիշային սանդղակի հազիվ մեկ տոկոսն անցի ու ընդհանրապես, այս կուսակցությունը մրցաշարի մեջ չի երեւում:
«Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով սոցիոլոգի ասածը, նշեց. «Ադիբեկյանի գնահատականը որոշակի առնչություն ունի իրականության հետ, քանի որ դեռեւս չի մեկնարկել մրցաշարը, հետեւապես քաղաքական ծրագրերի, քաղաքական գաղափարախոսության մասին կա իրազեկության ցածր գործակից: Բայց օր օրի, եթե չասեմ՝ ժամ առ ժամ իրականությունը փոխվում է: Ես կարծում եմ, որ քարոզարշավի ընթացքում Ադիբեկյանը կփոխի իր դիրքորոշումն ու գնահատականները»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ