Տավուշի մարզի Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարները հանդես էին եկել դժգոհությամբ, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից իրենց գյուղերին տրամադրած տրակտորները չեն ծառայում նպատակին:
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կարտոֆիլի ցանքի աշխատանքների համար անհրաժեշտ Գագիկ Ծառուկյանի խոստացած տրակտորները տեղ չէին հասել: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը panorama.am-ի հետ զրույցում պատմել էր, որ մի առիթով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները հետաքրքրվել են, թե գյուղն ինչ խնդիրներ ունի և երբ տեղեկացել են, որ տրակտոր է անհրաժեշտ խոստացել են ուղարկել: «Տրակտորը բերել են մարզ, բայց համայնքին չեն տվել, այլ տվել են իրենց ծանոթին, բարեկամին», -ասել էր Մանվել Կամենդատյանը:
Իսկ Այգեպար գյուղի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը լրագրողներին պատմել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Բերդի տարածաշրջանի կառույցի ղեկավար Նինա Ադամյանն ասել է, թե տրակտորը գյուղապետարանին հատկացված չէ, այլ գյուղին, ու «մենք էլ ինչ կուզենք, կանենք»: «Մարդ չի հասկանում, եթե Ծառուկյանն ասում ա գյուղացու կողքին կանգնած ենք, գյուղացուն ուզում ենք հույս տալ ու որ Նինա Ադամյանը Ծառուկյանի անունից ասում ա, թե իրավունք չունեն, որ անիվավոր տրակտորն օգտագործեն, էլ ինչի՞ ա պետքը, եթե տրակտորը մեզ ա հատկացրել ու ամբողջ հեռուստատեսությամբ էլ հայտարարել ա էդ մասին: Կամ Նինա Ադամյանն է իր անունը ոտնահարում, կամ էլ ընկեր Ծառուկյանը տեղեկություն չունի ինչ է կատարվում»:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է այս համայնքապետերին եւ ըստ BHK.am-ի ընդգծել, որ սահմանամերձ գյուղերին ցուցաբերվող աջակցությունը շարունակական է լինելու:
Կարդացեք նաև