Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Եթե այս շարժումը չկարողանանք հորով- մորով անել, իշխանությունների հետ կնպաստենք, որ Հայաստանից փախեփախը ավելանա»

Ապրիլ 03,2013 15:52

Երեկ Գյումրու Թատերական հրապարակում նման հայտարարություն արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ըստ որի՝ ապրիլի 9-ին նոր պատմություն է գրվում, որը կարող է և շատ լավ ավարտ ունենալ, կամ հակառակը` վատ ավարտ: «Վատ կլինի, եթե մենք այս հզոր շարժումը հանկարծ չկարողանանք առարկայացնել, վատ կլինի, եթե նոր հիասթափություն բերի այս շարժումը, եթե հաղթանակ չունենանք: Վստահ եմ, որ մենք եթե այս շարժումը չկարողանանք հորով-մորով անել, իշխանության հետ կնպաստենք, որ արտագաղթը, Հայաստանից փախեփախը ավելանա:

Օրինաչափությունը շատ ցավալի է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո նոր արտագաղթ է սկսվում Հայաստանից, սա արդեն օրինաչափություն է, և այդ օրինաչափության հիմքում ընկած է հուսահատությունը, հուսախաբությունը: Տեսնում են, որ Հայաստանում հնարավոր չէ ոչինչ փոխել, մենք ուզում ենք կանգնեցնել այս հուսահատությունը, հուսախաբությունը, բայց մենք մենակ ոչինչ չենք կարող անել: Մենք գիտենք մեր արժեքը, բայց գիտենք նաև գնահատելու չափը , մենք առանց ձեզ իսկապես ոչ մի բան չենք կարող անել, միայն ձեր միջոցով կարող ենք անել», -ասաց բանախոսը: Ըստ նրա, ամեն պարտություն կարելի է պատճառաբանել, սակայն պետք է այնպես անել, որ վաղը, մյուս օրը փաստարկեն, թե ինչու կարողացան հաղթանակի հասնել: Այնուհետ խոսելով մարզպետների «նենգությունից», մարդկանց իրենց դեմ լարելու փորձերից, Ռուբեն Հակոբյանն ասաց . «Երեկ մի էսպիսի շատ մանր, շատ պրիմիտիվ շահարկում եղավ, իբրև թե Րաֆֆի Հովհաննիսյանը Զանգեզուրում ասել է, թե ով որ Սերժ Սարգսյանին ձայն է տվել, անողնաշար է: Ժողովուրդ, էս մակարդակի է հակաքարոզչությունը: Էն էլ ո՞ւմ մասին են ասում` Րաֆֆի Հովհաննիսյանի, մենք ասում ենք` մենք շնորհավորում ենք, ողջունում ենք ցանկացած մեկի անկեղծ, ի սրտե քվեարկությունը, եթե ի սրտե քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին: Մենք դա էլ ենք շնորհավորում, մենք ասել ենք՝ մեր պայքարը ոչ թե ընտրությունների դեմ է, թե ով ում է ձայն տվել, այլ այնքան շատ, ահռելի ընտրակեղծիքների դեմ է, որի տակ այսօր ժողովուրդը կքել է»:

Ռուբեն Հակոբյանը նաև ասաց, որ այն, ինչ իրենք անում են, անում եմ նաև իշխանավորների երեխաների համար, որպեսզի նրանք էլ ապրեն նորմալ պայմաններում: «Մենք մեր պետության մեջ չունենք թշնամիներ, իսկապես չունենք, նույնիսկ նրանք, ովքեր դաժանաբար կեղծել են, անգիտակցաբար կեղծել են` չհասկանալով, որ Հայաստանը տարածք է դառնում մոլախոտների համար, նույնիսկ նրանք մեր թշնամիները չեն»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Նա անդրադարձավ նաև իր ծանոթներից մեկի այն դիտարկմանը, թե արագացրեք, շատ դանդաղ եք շարժվում, կտրուկ քայլերի գնացեք: «Գիտեմ, որ արդեն հատել է սահմանը, գիտեմ, որ սպառվել է ոչ միայն համբերելու, այլ ներելու լիմիտը իշխանության: Էդ ամեն ինչը հասկանում ենք, մենք շփվում ենք ժողովրդի հետ, գիտենք, բայց հավատացեք, որ կարևոր հաղթանակ արձանագրելու համար պետք է համբերատարություն և կամք, որպեսզի հասկանանք, որ մենք երկար ճանապարհ պետք է անցնենք, լավ, ճշգրիտ հաջողությունն էդքան հեշտ չի տրվում»,-եզրափակեց բանախոսը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930