Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տղամարդն ավելի շատ բռնության ո՞ր միջոցն է կիրառում

Ապրիլ 03,2013 15:31

Այսօր «Ընտանեկան  բռնությունը  Հայաստանում, դրա  հիմնական պատճառները եւ կանխարգելման ուղիները» թեմայով ասուլիս էր հրավիրված «Նոյյան տապան» ակումբում, սակայն ասուլիսին ներկա էին ընդամենը 3-4 լրատվամիջոցներ: Ասուլիսի մասնակիցներ՝ «Կանանց իրավունքների կենտրոնն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ցանցի ներկայացուցիչները տեսնելով, որ փոքր թվով լրատվամիջոցներ են ներկա, սկզբում մտադիր էին բոյկոտել ասուլիսը` ասելով` նման կարեւոր խնդիրը ինչպե՞ս չի հետաքրքրում լրատվամիջոցներին: Ներկա լրագրողների այն հորդորին, որ եթե ասելիք ունեք, ուրեմն եղած լրագրողների համար խոսեք, ցանցի համակարգող Սաթենիկ Գեւորգյանն ասաց, որ ասելիք շատ ունեն:

Սակայն, երբ հերթը հասավ լրագրողների հարցերին, մեր գրեթե բոլոր հարցերին ցանցի ներկայացուցիչները ոչ լիարժեք պատասխաններ տվեցին: Օրինակ, երբ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ըստ իրենց, ինչո՞ւ կառավարությունը մերժեց ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, արդյոք այն արդիական չէ, ցանցի համակարգողն ընդամենն ասաց. «Դե գիտեք, էդ մասին շատ է խոսացվել, ես իրավասու չեմ այս պահին այդ մասին խոսել: Սուսաննա Վարդանյանը բազմիցս խոսել է այդ մասին»:

Մեր խնդրանքին՝ ներկայացնել ընտանեկան կամ կանանց նկատմամբ բռնության որեւէ ցնցող դեպք, որից հետո դիմել են իրենց կենտրոն, ասուլիսի մասնակիցները չկարողացան հիշել որեէ դեպք, նշելով, որ դեպքերը շատ-շատ են:

Մեր մյուս հարցին էլ, թե ըստ կենտրոնի տվյալների, հայ տղամարդն ավելի շատ բռնության ո՞ր միջոցն է կիրառում, Սաթենիկ Գեւորգյանն ասաց. «Հայ տղամարդիկ ամեն ինչ էլ անում են, բայց ստատիստիկան ցույց է տալիս, որ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունները մեծ մաս են կազմում եւ ինչու չէ` սեռական եւ տնտեսական»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930