«Եթե ուզում ենք ունենալ լավ քաղաք, պետք է բոլորս էլ լավ աշխատենք: Ինքս համարում եմ, որ մշակույթը քաղաքային երեւույթ է: Համարում եմ, որ բացի աղբահանությունը, կառուցապատումը, քաղաքը նաեւ կոլորիտ պետք է ունենա: Կոլորիտը պայմանավորված է մարդկանցով եւ այն մարդկանցով, ովքեր գիտեն արարել, ստեղծագործել, ովքեր իրենց գույնն են բերում քաղաքին»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Aravot.am-ը տիկին Աճեմյանից հետաքրքրվեց՝ իր մատնանշած կոլորիտը ՀՀԿ-ի ցուցակում ինչպե՞ս է արտահայտվում, գուցե ինքը դա տեսնում է, մնացյալը՝ ո՞չ: «ՀՀԿ-ի ցուցակից հնարավոր է, որ կոլորիտ չերեւա, չնայած ես կարծում եմ, որ մեր ցուցակում կան մարդիկ, որոնք ունեն կոլորիտ եւ գույներ եւ կարող են ապահովել դա: Բայց ես խոսում էի մշակույթի մասին՝ նկատի ունենալով մշակութային կոլորիտը: Որովհետեւ քաղաքի մշակութային դեմքն այն մարդիկ են, ովքեր արարում են, ստեղծագործում են, գույներ են բերում եւ այդ մարդիկ ինչքան մեծ ազդեցություն եւ գործունեություն ունենան քաղաքի կայացման գործում, այնքան մեր քաղաքը կշահի»: Նկատեցինք, որ ՀՀԿ-ի ցուցակում են Մհեր Սեդրակյանի որդին, Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) որդին, գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը…Ընդհատելով թվարկումը՝ տիկին Աճեմյանն ասաց. «Նաեւ կան շատ մշակույթի գործիչներ… այո, բոլոր ցուցակները արտացոլում են մեր հասարակությունը: Ես չգիտեմ, դուք այդ մարդկանց մոտիկից գիտե՞ք: Չի կարելի այդ ձեւով բնութագրել եւ այդպես առաջնորդվել, որովհետեւ կարող է լինել ինչ-որ մեկի ազգականը, բայց լինել շատ պարկեշտ մարդ եւ կարողանա իր օգուտը բերել քաղաքի զարգացմանը»:
ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների վրա հայելային անդրադարձում կունենան հատկապես խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Արդյունքները, որոնք գրանցեցինք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մեզ թույլ են տալիս ակնկալել այդպիսի արդյունքներ նաեւ ավագանու ընտրությունների ժամանակ, որովհետեւ ԱԺ-ում մենք այսօր մեծամասնություն ենք, կարողացանք կառավարություն ձեւավորել`կարողանալով պատասխանատվություն կրել»,- ՀՀԿ-ի մասով ասաց նա՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են արտացոլվեն նաեւ մյուս կուսակցությունների վրա: Քաղաքի կարեւորագույն խնդիրը պատգամավորը համարում է ոչ միայն կենտրոնի, այլ նաեւ ծայրամասերի զարգացումը, ինչի ուղղությամբ ՀՀԿ-ական քաղաքապետն իր թիմով, ըստ տիկին Աճեմյանի, հետեւողական աշխատանք է տանում:
ԲՀԿ-ի կարգախոսի մասին` «Վերցնենք Երևանը», Կարինե Աճեմյանը մեկ պատասխան ունի. «Երևանը մեզանից վերցնելը այդքան էլ հեշտ չի, իրենք կարգախոսներ են գրում, մենք գործով ենք ապացուցում»:
Կարդացեք նաև
Պատգամավորը նաեւ վստահեցրեց, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում: Հակառակը՝ ամեն ինչ անելու են՝ կանխելու համար կաշառքի բաժանումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բերեք պատի ճեղքը գերանմ կոխենք: