ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի կարծիքով, ավիափոխադրումների հայկական շուկայի փոքր լինելու պատճառով ազգային փոխադրումն իրականացնելու համար միջազգային ավիափոխադրումների հետաքրքրվածությունը մեծ չի լինի:
«Ցավոք ավիաընկերությունը չկարողացավ դուրս գալ ճգնաժամից, չկարողացավ բարելավել իր վիճակը: Սպասելի էր այն, ինչ տեղի ունեցավ վերջերս: Մեր ազգային ավիափոխադրողը, որ ուներ համապատասխան լիցենզիա չվերթներն իրականացնելու համար, այդ լիցենզիայի ավարտին հայտարարեց սնանկության մասին: Վերջին երկու տարիներին «Արմավիան» խնդիրներ էր ունենում այս կամ այն ընկերության հետ եւ չէր կարողանում մարել պարտքերը: Այժմ պետք է ակնկալենք, որ նոր ընկերությունը, որ պետք է գա եւ փոխարինի «Արմավիային» շատ ավելի մեծ ու հզոր պոտենցիալ ունենա, որ կարողանա ունենալ ապահովության բարձիկ, որը նման ցնցումների պարագայում զերծ կպահի ընկերությանը սնանկության հեռանկարից: Խնդիրը հեշտ չէ, որովհետեւ մեր շուկան փոքր է եւ այս առումով մեծ չի լինի հզոր ավիաընկերությունների հետաքրքրությունն առաջացնել»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Մինասյանը:
Հարցին, թե ով պետք է մարի «Արմավիայի» պարտքերը, պարոն Մինասյանն ասաց, որ սնանկացման գործընթացը պայմանավորված է օրենքով, ու այդ հարցերը հստակ սահմանված են:
Դիտարկմանը, թե արտասահմանյան մեծ ավիաընկերությունները չեն հետաքրքրվի մեր ազգային ավիափոխադրումն իրականցնել, որովհետեւ Հայաստանը փոխադրումների սպասարկման աննախադեպ բարձր գներ է սահմանել, պարոն Մինասյանն ասաց. «Իրականացրեցինք բավականին մեծ շինարարություն եւ այսօր ունենք լուրջ ու ներկայանալի օդանավակայան, բնականաբար, այդ գումարները պետք է վերադարձվեն…խնդրի լուծումն այն է, որ եթե իջեցնեն ավիափոխադրումների գները եւ դա թույլ տա ավելի մեծ քանակի չվերթներ իրականացնել, որը կբերի այդ խնդրի լուծմանը: Մի կողմից ավիաընկերությունը կունենա ավելի մեծ եկամուտներ եւ այս պարագայում, իր կողմից վճարումները օդանավակայանի սեփականատիրոջը, չի լինի այդքան ծանր, որքան կա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ