Լրահոս
Օրվա լրահոսը

Համընկնումների պատճառով դիմորդները կտուժե՞ն

Ապրիլ 03,2013 14:41

Aravot.am -ը ստացել էԵվրոպական ակադեմիայի քոլեջի սաների ու նրանց ծնողների մտահոգությունը, որ այդ կրթական հաստատությունում ավարտական քննությունները լինելու են հունիսի 20-25-ը, այսինքն՝ դրանք համընկնելու են միասնական քննությունների հետ: Ըստ մեր տեղեկությունների, երեխաներին ու ծնողներին քոլեջից պատասխանել են, թե ավարտական քննությունները չեն խանգարում Եվրոպական ակադեմիայի ընդունելության քննություններին, իսկ մյուս բուհերի հարցը իրենց չի մտահոգում:

Եվրոպական ակադեմիայի քոլեջի փոխտնօրեն Լիլիթ Մաթեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ լավ կլիներ ծնողները դիմեին քոլեջ եւ ոչ թե խմբագրություն: Երբ նրան փոխանցեցինք, թե ինչ պատասխան է տրվել քոլեջում, փոխտնօրենը հավաստիացրեց, թե խնդիրը կփորձեն լուծել:

Քանի որ միասնական քննությունների կազմակերպիչը Գնահատման եւ թեստավորման կենտրոնն (ԳԹԿ) է, ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանից եւս մեկնաբանություն խնդրեցինք՝ քոլեջի եւ միասնական քննությունների ժամկետների համընկնելու հետ կապված, եւ արդյոք կրթական հաստատությունները չպե՞տք է քննությունների ժամանակացույցը այնպես կազմեն, որ երեխայի շահը չտուժի:

«Միասնական եւ պետական ավարտական քննությունների օրերը ԳԹԿ-ն հստակեցնում եւ համաձայնեցնում է նախարարության հետ եւ ներկայացնում կառավարության հաստատմանը: Նախ՝ գոյություն ունեն պետական ավարտական քննություններ, եւ երեխաները պետք է ավարտեն դպրոցը, ու այդ օրերը չպետք է համընկնեն իրար հետ: Երկրորդը՝ հաշվի է առնվում այն ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է հիմնական փուլն ավարտվի, այսինքն՝ մենք պետք է ունենանք 7 քննություն, որոնք պետք է ավարտվեն մինչեւ հունիսի 23-ը: Այդ ժամանակահատվածն ու պայմանները նայելով, փորձում ենք հնարավորինս ճիշտ ընդգրկել օրերը, հաշվի առնում նաեւ շաբաթ-կիրակիները: Ինչ վերաբերում է մասնավոր բուհերի եւ քոլեջների ներքին ավարտական կամ ընդունելության քննությունների օրերին, իրենց օրերն իրե՛նք են որոշում, բայց որքանով տեղյակ եմ, իրենք եւս պետք է համաձայնեցնեն նախարարության համապատասխան բաժնի հետ: Զուգադիպությունները ինչ-որ առումով կխանգարեն, երեխաների իրավունքների հետ կապված որոշ խնդիրներ կարող են առաջացնել քննությունները, եթե խոսքը կոնկրետ Եվրոպական ակադեմիայի քոլեջի մասին է: Գուցե իրենց շրջանավարտներն ուզում են ո՛չ իրենց մոտ սովորել, այլ ուրիշ բուհ դիմել: Հավելեմ, որ ունենք նաեւ լրացուցիչ փուլ: Մեզ մոտ, ըստ կարգի, առաջին փուլում քննություն են հանձնում դպրոցի այս տարվա շրջանավարտները եւ նախորդ տարիների ավարտածները, երկրորդ փուլում հանձնում են բոլոր քոլեջների, ուսումնարանների ավարտողները, բանակից զորացրվածները, արտասահմանից եկածները»:

Ի դեպ, եթե պետական բուհեր դիմելու դեպքում, Եվրոպականի շրջանավարտները կարող են մասնակցել միասնական քննությունների լրացուցիչ փուլին, նույն բանը ժամկետների պատճառով չեն կարող անել Հայաստանում միջպետական համաձայնագրով գործող կրթական հաստատությունների պարագայում: Այդ հաստատությունները պարզապես չունեն լրացուցիչ փուլ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930