Մտավորականները բարձրաձայնում են Երևանի խնդիրների մասին
Այսօր «Հայելի» ակումբում երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը ներկայացրեց Երևանի ավագանու թեկնածուներին առաջադրած պահանջները: «Թեկնածուները պետք է աշխատեն այնպես անել, որ քաղաքը գործող օրգանիզմ դառնա: Ես հասկանում եմ, որ դրա կազմակերպման համար խելք եւ միջոցներ են պետք: Այն բոլոր գումարները, որոնք անիմաստ տոնակատարությունների վրա են ծախսվում, բոլորս էլ համաձայն կլինենք, որ դրվեն տարրական հարցերի լուծման մեջ: Օրինակ, որպես կենտրոնի բնակիչ ասեմ, որ տրանսպորտի հարցը լուծելու միջոց պետք է գտնվի, որպեսզի կենտրոնը խճողված չլինի»,-ասաց Լիլիթ Պիպոյանը:
Նա փաստեց, որ նաեւ «ձայնային հիգիենայի» հարցը պետք է լուծվի. «Գուցե վերահսկողություն է անհրաժեշտ սահմանել, որ բարձր չմիացնեն մեքենաների ձայները, գիշերային ակումբերը բնակելի տարածքներից դուրս բերվեն, գիշերը ժամը երեքին փողոցում չբղավեն եւ այլն: Բացի այդ, սարսափելի անիմաստ գովազդներով է ողողված մեր քաղաքը եւ փոշոտ է»:
Երգահանի խոսքով. «Երբ շինարարություն է արվում, որոշ տեղերում չենք տեսնում, թե որն է նախագիծը: Այդ գաղտնիությունը եւ «գիշերով քանդելը» պետք է վերանա, որ հասկանանք, թե ինչ է կատարվում մեր հետ»:
Կարդացեք նաև
Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի դիտարկմամբ. «Ավագանին գործող միջամտություն պետք է ունենա քաղաքի տարբեր խնդիրների լուծման գործում: Ցավոք, վերջին հինգ տարվա ընթացքում հիմնականում մամուլից եմ տեղեկանում, որ ավագանին ինչ-որ խոշոր խնդիրներում դեր է ունեցել: Ճիշտ է, ավագանու կազմում հրաշալի մարդիկ կան, բայց ավագանու դերը պետք է կայանա: Եթե խնդիրները բարձրաձայնելու անհրաժեշտություն չեն տեսնում, գուցե գիտեն, որ դրանք լուծում չեն ստանալու: Մենք պետք է շահագրգիռ լինենք, որ ավագանու կազմում լինեն մարդիկ, որոնք տեղյակ են Երեւանի խնդիրներից եւ ծանոթ են ժողովրդի կարծիքին»:
Պարոն Շահումյանի համոզմամբ. «Կուսակցական հարաբերությունների մշակույթը չի ձեւավորվել, եւ երբեմն անձնական շահերն ավելի մեծ դեր են կատարում»:
Քաղաքի խնդիրներից Հաղթանակ Շահումյանն առանձնացրեց մշտապես առկա աղբի հարցը` հիշատակելով, որ 40-ականներին աղբը ամեն առավոտ հավաքում էին ձիակառքերի միջոցով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ