Ապրիլի 1-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Արեւավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցում է 52 երկրի ներկայացուցիչ: 2000 աշխատանք է ներկայացվել, ցուցադրվել է 700-ը:
Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառումը նվիրված է Հայ գրատպության 500-ամյակին: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց երգիծանկարիչ Արզօն (Արայիկ Օհանյանը), թեման հիմնականում գիրքն է, բայց այլ թեմաներով աշխատանքներ էլ կան: Երգիծանկարիչը հայտնեց, որ ապրիլի 7-ին կկայանա մրցանակաբաշխություն, հաղթողներին կորոշի հանդիսատեսը՝ օնլայն քվեարկությամբ: 1-ին, 2-րդ, 3-րդ գլխավոր մրցանակակիրներին կշնորհվեն «Ոսկե Արեւավիշապ», «Արծաթե Արեւավիշապ» եւ «Բրոնզե Արեւավիշապ»: Հատուկ մրցանակներ էլ են նախատեսված:
Արզօն հավելեց, որ հայկական փառատոնին, որը ավանդական է դառնալու եւ անցկացվելու է ամեն տարի, մասնակցում են երգիծանկարիչներ Իրանից, Չինաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Սիրիայից: Ամենամեծ թվով մասնակիցները Թուրքիայից են: «Ի վերջո Հայաստանը ներկայանում է մշակույթով, ոչ թե էլիտար շենքերով կամ օլիգարխների մեքենաներով»,- ասում է Արզօն: Նրա համոզմամբ, գրաֆիկական հումորի փառատոնն ի վերջո հրաշալի հնարավորություն է ցավալի թեմաներին անդրադառնալու. «Ինչքան էլ հպարտանանք գեղանկարչությամբ, միշտ չէ, որ այն կարող է ցավոտ հարցեր արծարծել»:
Ճանաչված երգիծանկարիչ Արսեն Գեւորգյանն էլ տեղեկացրեց, որ փառատոնի առիթով Հայաստան են ժամանելու հայտնի երգիծանկարիչներ: Նրանց թվում է, օրինակ՝ աշխարհահռչակ ծաղրանկարիչ Միխայիլ Զլատկովսկին:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ