Ես գաղտնագետ եմ, էզոթերիկ գիտության հետեւորդ: Երկար տարիներ զբաղվում եմ յոգայով, մեդիտացիաներով: Այն մարդն եմ, որի աշխատանքի շնորհիվ աշխարհի ամենակարկտահար տարածքում (այն տարածքում, որտեղ աշխարհում ամենաշատ կարկտահարություններն են լինում) արդեն 11 տարի է, որ կարկտահարություն չի լինում, դրանք չեզոքացել են: Ընդ որում, ես այդ մասին հայտնել եմ կանխավ, 11 տարի առաջ, մինչեւ այդ դեպքերի տեղի ունենալը, մամուլով եւ հեռուստատեսությամբ: Այդ տարածքը, ըստ Հայպետհիդրոմետի, Արագածի նախալեռներն են, մասնավորապես՝ Բյուրականը, որն իմ ծննդավայրն է: Որպես ապացույց ունեմ այդ աշխատանքների համար տրված հեղինակային «Հավաստագիր» «Հայհեղինակ» կազմակերպության կողմից: Իմ մեթոդը, կամ որ նույնն է՝ իմ աշխատանքը կատարվում է մեկ այլ տիրույթում, մեկ այլ ոլորտում, դա հոգեւոր աշխարհն է: Ես աշխատում եմ կենտրոնացված մտքով: Կենտրոնացված միտքը համարվում է հոգեւոր աշխարհի հիմնասյուներից մեկը, նրա անկյունաքարը:
Եթե ես աշխատում եմ մի ինչ-որ տարածքի համար, որպեսզի այդտեղ կանխվեն կարկտահարությունները, ապա իմ մտակենտրոնացումները, այդ էներգետիկան կուտակվում են այդ տարածքում: Պարբերաբար եւ երկարատեւ աշխատանքների դեպքում կարկտահար ամպերն այլեւս կանխվում են եւ չեն հայտնվում այդ տարածքում:
Ասեմ, որ իմ աշխատանքը լրիվ գիտական հիմնավորում ունի, այն ապացուցվում է մասնավորապես քվանտային ֆիզիկայի եւ էլեմենտար մասնիկների ֆիզիկայի օգնությամբ: Ներկայումս էլեմենտար մասիկների ֆիզիկան անցել է այլեւս սահմանագիծը եւ սկսել է ուսումնասիրել հոգեւոր աշխարհի նյութը, դրանով իսկ հաստատելով զուգահեռ աշխարհների գոյությունը…
Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ես առաջարկ եմ արել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, իսկ վեց ամիս առաջ՝ նաեւ գյուղատնտեսության նախարարությանը, որ ես կարող եմ պակասեցնել, քչացնել կարկտահարության դեպքերի քանակը ողջ Հայաստանի տարածքում՝ օգտագործելով իմ կարողությունները եւ հնարավորությունները:
Առաջին տարում իմ տված օգուտը կարող է կազմել 15-20 մլն դոլար, երկրորդ տարում այն կարող է հասնել 35-40 միլիոն դոլարի, 3-րդ տարում՝ էլ ավելի շատ, իսկ 4-րդ, 5-րդ տարում մենք կարող ենք ունենալ մոտ 100 միլիոն դոլարի օգուտ՝ մեկ տարվա կտրվածքով:
Մի՞թե կարելի է չհետաքրքրվել, չընդառաջել նման առաջարկին, երբ առանց որեւէ ներդրման կարելի է մեկ տարում ունենալ 100 միլիոն դոլարի օգուտ:
Կոչ եմ անում կառավարությանը, ԱԻՆ եւ գյուղնախարարություններին՝ արձագանքել, հնարավորություն ստեղծել ինձ աշխատելու համար եւ օգուտ տալ իմ երկրին, նրա բնակչությանը: Արդեն գարուն է, եւ սկսվում է կարկտահարությունների սեզոնը: Այդ թեմայով կուզենայի նաեւ հեռուստաելույթներ ունենալ, եթե ինձ եթեր տրամադրվեր:
Այս փոքրիկ հոդվածի շրջանակներում ամեն ինչ ներկայացված է շատ հակիրճ ու հանրամատչելի, մինչդեռ թեման ավելի ընդգրկուն է: Հետաքրքրվողներին պատրաստ եմ ամեն ինչ ներկայացնել ավելի ծավալուն՝ գիտական փաստարկներով:
ԼԵՎՈՆ ԲԱԲԱՅԱՆ
Թե գիտական ինչ հիմք ունեն Լեւոն Բաբայանի պնդումները, թողնում ենք գիտնականներին:
«Առավոտ» օրաթերթ