Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես բեմում ենք լուռ, այնպես էլ կյանքում»

Ապրիլ 03,2013 14:00

Մնջախաղացը չի կարողացել «հուշել» ԱԺ նախագահին

Վերջերս «Առավոտը» ներկա էր Երեւանի մնջախաղի պետական թատրոնի «Թռիչք» ներկայացմանը եւ նկատեց, որ տարիներ առաջ թիթեռներից մեկին մարմնավորող դերասանուհի Շուշան Սարգսյանն այսօր արդեն ներկայանում է արծվի կերպարով: Շուշանից հետաքրքրվեցինք, թե այդ ինչպե՞ս նա թիթեռից «վերաճեց» արծվի: «Այս ներկայացումը բաղկացած է երկու մասից՝ «Արծիվ», ըստ Սերգեյ Նազարյանի երաժշտության եւ «Թիթեռներ», Յան Անդերսոնի երաժշտական ձեւավորմամբ: «Թռիչքը» իմ եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի համար ճակատագրական եղավ: Այս բեմադրությունից հետո նա 1998թ. ստանձնեց Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, ես էլ ստուդիայից տեղափոխվեցի՝ համալրելով թատրոնի դերասանական կազմը: Նշեմ նաեւ, քանի որ մնջախաղում դրամատուրգիա ստեղծողը բեմադրիչն է, «Թռիչքում» դա պարոն Դադասյանն է»,- ասաց նա:

Ռեպլիկին, թե ավելի քան 12 տարի փաստորեն «թիթեռից» դերասանուհին հզորացել է՝ դառնալով «արծիվ» (լուսանկարում), մեր զրուցակիցը նշեց, որ դա նախ կապ ունի տարիքի հետ, ապա ասաց. «Ես ու կոլեգաներս ներքուստ ուժեղ ենք, կապ չունի՝ մարմնավորում ենք թիթեռի՞, թե՞ գիշատիչ գազանի: Քանի որ մնջախաղում գեղարվեստական կերպարները ստեղծվում են հիմնականում դիմախաղով, ժեստի ու շարժման շնորհիվ, դուրս ենք գալիս մարդ կաղապարից՝ փորձելով դա հասցնել թվարկածս միջոցներով»: Շուշանը նշեց, որ 2012թ. ԱՄՆ-ում թատրոնի հետ հյուրախաղերի ժամանակ «Գիրք ծաղկանցում» ինքը առյուծ է մարմնավորել:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե Թատրոնի միջազգային օրվա առիթով ԱԺ նախագահից ստանալով շնորհակալագիր, ինչո՞ւ պատեհ պահը չի օգտագործել՝ հուշելու, թե Մնջախաղի պետական թատրոնում ընդամենը մեկ կոչում ունեցող արտիստ կա՝ հանձին վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանի, Շուշանը «ծավալվեց»՝ ասելով. «Մեր թատրոնը կարծես մեկուսացած է: Ըստ իս՝ գովազդը հավուր պատշաճի չի արվում… Կարճ ասած՝ ինչպես բեմում ենք լուռ, այնպես էլ կյանքում: Բայց իմ օրինակով պիտի ասեմ, որ եթե ես մեկին հրավիրում եմ ներկայացման, ապա հաջորդ անգամ նույն մարդուն տեսնում եմ հանդիսասրահում: Մյուս կողմից՝ մեր թատրոնի դերասանները քիչ են երեւում էկրաններին, այդ թվում՝ սերիալներում, նույնիսկ ԱԺ-ում այլ թատրոններից հրավիրյալ դերասաններին գոնե դեմքով շատերը ճանաչում են, իսկ ինձ ու գործընկերուհուս՝ Իննա Հախնազարյանին՝ քչերը»:

Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր թատրոնի խաղացանկում եղած 12 ներկայացումներից կան նաեւ ազգային թեմաներով բեմադրություններ, այդ թվում՝ Դ. Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցի» մոտիվներով, Անին 13-րդ դարում ներկայացնող «Շերանիկ», Հ. Չոբանյանի «Մագաղաթ», ըստ հայկական հայսմավուրքի «Արդաղիոն» ներկայացումները, եւ այսօր էլ թատրոնի գեղարվեստական ղեկավարը նախաձեռնել է ճանաչված գեղանկարիչ Արմեն Աթանյանի ստեղծագործությունների մոտիվներով ազգային ծիսային խաղերի հիման վրա նոր բեմադրություն:

Շուշանը հիշեցնելով ժամանակին Հայաստանում անցկացված «Նազենիկ» եւ Ծաղկաձորում կազմակերպված մնջախաղի միջազգային փառատոների մասին՝ ասաց. «Առաջին անգամ մ.թ.ա. 420-ին Հին Հունաստանում նկարագրվող, ապա հելենիզմի դարաշրջանում իբրեւ ինքնուրույն արվեստ ներկայացող մնջախաղը Հին Հռոմում նույնանում էր բալետային արվեստի հետ: 4-7-րդ դարերում էլ Հին Արեւելքի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մնջախաղը դրսեւորվել է խիստ յուրահատուկ ու խորհրդանշական ձեւերով: Բոլոր ժողովուրդների հին թատրոնները եւ առհասարակ թատերական բանահյուսությունը հարուստ են մնջախաղի տարրերով, իսկ 19-րդ դարում այն որպես ինքնուրույն թատերաձեւ զարգացավ Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում: Չմոռանանք, որ մեր իրականության մեջ մնջախաղի խոշորագույն վարպետը Լեոնիդ Ենգիբարյանն է, ու մեր թատրոնը գալիք տարում կտոնի իր 40-ամյակը: Նշեմ նաեւ, որ մնջախաղի համաշխարհային վարպետներից ֆրանսիացի Մարսել Մարսոն դեռեւս 1966-ին հյուրախաղերով հանդես է եկել Երեւանում: Կարծում եմ, որ մեր կառավարությունը թատրոնի հոբելյանին ընդառաջ պետք է հնարավորինս անի, եթե կարելի է ասել՝ հայկական մնջախաղը աշխարհին ամենաբարձր մակարդակով ներկայացնելու համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona Vardanyan says:

    Միանգամայն համամիտ եմ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930