Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբված գնորդի գործով կհարցաքննվի Ղեւոնդ Ղալումյանը

Ապրիլ 03,2013 13:58

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը: Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը «Առավոտին» տեղեկացրեց, որ ապրիլի 11-ին նշանակվել է հերթական դատական նիստը:

Դատարանում հարցաքննվել է նաեւ քաղաքացու բնակարանն այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը:  «Մանգասարյանն ամեն կերպ փորձում էր դատավորի եւ ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե Խաչատրյանի հարցադրումներին պատասխանել իր լավագույն մեթոդներից մեկով՝ երկարաշունչ նախադասություններով, որոնց վերջն անհայտ է եւ որեւէ ընդհանուր եզր չունի հնչած հարցի հետ: Ինչպես դատավորի, այնպես էլ մեղադրող դատախազ Լեւոն Չարխիֆալակյանի բազմաթիվ փորձերը՝ ստիպելու Մանգասարյանին կոնկրետ հարցերին պատասխանել, անհաջողության մատնվեցին: Մանգասարյանի խոսքերում հնչած անթիվ հակասությունները նկատեցին ինչպես տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, այնպես էլ մեղադրող դատախազն ու ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպան Կարինե Խաչատրյանը»,- ասվում է սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Խումբը հիշեցնում է նաեւ, որ Վլադիսլավ Մանգասարյանին ՊԵԿ-ի քննչական վարչությունում հարցաքննելուց եւ ինչպես ինքը՝ Մանգասարյանը դատարանում հայտարարեց՝ Եսայանի տված ցուցմունքից հետո, ձերբակալել էին, նա այժմ դատարանի որոշմամբ երկամսյա կալանքի մեջ է: Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման ու կանխամտածված սնանկության համար եւ ներգրավված է մի քանի քրեական գործերում եւս:

Լուսինե Գյուլխասյանի փաստաբան Լուսինե Հակոբյանի միջնորդությամբ գալիք դատական նիստում դատարանում կհարցաքննվի սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության թալանում իր մասնաբաժինն ունեցած Ղեւոնդ Ղալումյանը, ում անունը խառն է նաեւ Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի պատմության մեջ: Նախաձեռնող խմբի տեղեկացմամբ, այս վկան որոշ բարեկամական կապեր է ունեցել տուժողների հետ, ինչը, ըստ տուժողների, իրենց վստահություն է ներշնչել Ղալումյանի հանդեպ, իսկ հետո պարզվել է, որ ապարդյուն:

Այս քրեական գործով նշանակված փորձաքննությամբ, ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 1-ին տրված 21 թերթից բաղկացած փորձագիտական եզրակացության  20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ 07.12.2007թ.  «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին, իրոք, մուտքագրվել է Լուսինե Գյուլխասյանի կողմից բնակարանի համար տրված 37 մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը՝ Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր՝ Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ  21 մլն 309 հազար դրամը՝ Ղեւոնդ Ղալումյանի անվամբ:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930