Գյումրիում պատասխանեցին Սյունիքի մարզպետին ու Արարատի քաղաքապետին
Երեկ Գյումրու Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը ցանկություն հայտնեց շփվել, իր խոսքերով ասած, թասիբով, նամուսով ու «դուխով» գյումրեցիների հետ ու իր մտահոգությունները կիսել: Նա ոչ միայն ներկայացրեց նոր Հայաստանի պատկերը, այլեւ հարկ համարեց «տեղը դնել» «Րաֆֆու գլուխը ջարդող», նրան հրապարակից «լարող» մարզպետներին ու քաղաքապետներին: Սակայն մինչեւ այս թեմային անցնելը՝ բանախոսը իր ելույթը սկսեց այսպիսի համեմատությամբ. «Այսօր ոչ միայն գյումրեցիները, այլեւ ձեր մարզի քաղաքացիները ապացուցեցին, որ այս ազգային-ազատագրական պայքարի 1-ին ֆրոնտում եք գտնվում ու այդպես էլ կմնաք: Ցանկացած քաղաքակիրթ երկրում, եթե դուք զբոսնեք փողոցներով, քաղաքներով կամ գյուղերով եւ փորձեք հարցնել, թե ձեր երկրի մաքսային կամ հարկային ծառայության պետը ով է, ազգանունը ինչ է, անունը ինչ է, այդ թվում՝ նաեւ ձեր վարչապետի անունը ինչ է, շատ-շատերը՝ գերակշռող մեծամասնությունը, պատկերացում չունեն: Ինչո՞ւ. որովհետեւ այն երկրում, այնտեղ, ուր գործում է եւ առկա է օրենքի գերիշխանությունը, ոչ մի նշանակություն չունի, թե ով է վարչապետը կամ նախագահը, կամ այս կամ այն մարզպետը կամ նախարարը: Այդ պայքարը, որը ծավալվել է այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ, մեր երկրի ճնշող մեծամասնության ձայներով ընտրված 4-րդ նախագահը ունի հենց այդպիսի նպատակ, մենք միասին պետք է կառուցենք այնպիսի երկիր, որտեղ մարդիկ կապրեն օրենքի ներքո եւ ոչ թե ինչ-որ քավոր-սանիկի, ընկերոջ կամ մյուսների հովանավորությամբ»: Նա նաեւ նեղսրտեց, թե հայը չի ծնվել, որպեսզի Ռուսաստաններում ճանապարհներ ասֆալտապատի. սա ամոթ ու խայտառակություն է մեզ համար: «Այն քաղաքականությունը, որն իրականացնում է էս իշխանությունը, 20 տարուց ավելի է արդեն, դուք տեսնում եք, որ բերում է հենց այսպիսի խղճուկ, ողբալի, ամոթալի վիճակի: Մենք շատ լավ բանվորներ ունենք, վարպետներ ունենք, մենք՝ հայերս, ստեղծագործող, շինարար ժողովուրդ ենք, մենք ամեն ինչից կարող ենք մի բան սարքել, բայց չեն թողնում: Ուզում ենք այնպիսի համակարգ հիմնադրել մեզ մոտ՝ Հայաստանում, մեր երկրում, հայրենիքում, որ յուրաքանչյուր մարդ կարողանա իր ունեցվածքով, իր ուժով, իր խելքով, իր կամքով ստեղծի իր երջանկությունը եւ իր երեխաների եւ թոռնիկների ապագան»,- ասաց Արկադի Վարդանյանը:
Բուն ելույթից հետո նա անդրադարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին ավել-պակաս խոսող ու սպառնալիքներ հնչեցնող պաշտոնյաներին: Արկադի Վարդանյանը նախ դիմեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ հարցնելով. «Եթե Րաֆֆու գլուխը ջարդող ես, էդքան լավ տղա ես, շնորհքով տղա ես, ավտարիտետ ես, եթե ասել ես՝ արի ջարդեմ, ինչի՞ չես գալիս»: Գյումրեցիները՝ սա լսելով, ոչ միայն ամոթանք տվեցին Սյունիքի մարզպետին, այլեւ նրան «տգետ» անվանեցին: Նրանց բացականչությունների ներքո բանախոսը անցավ նաեւ Արարատի քաղաքապետին՝ ցույց տալով, որ վերջինս եւս «ահաբեկված» է: «Այդ նույնը տեղի ունեցավ նաեւ Արարատ քաղաքում, որի քաղաքապետը նախօրեին ասել էր, թե ոչ մի դեպքում չի թողնի, որ Րաֆֆիի շարասյունը կամ Րաֆֆիի կողմնակիցները հավաքվեն Արարատ քաղաքի կենտրոնական հրապարակում եւ իրենց հանրահավաքը անցկացնեն: Ասաց՝ ուղղակի կլարեմ այստեղից, բայց այդպես ասողը ուղղակի անհետացավ, մենք նրան այդպես էլ չտեսանք: Հավաքը տեղի ունեցավ այնտեղ, որտեղ պլանավորված էր, մարդիկ հավաքվել էին, ողջունում էին Րաֆֆի Հովհաննիսյանին, ողջունում էին մեր նոր Հայաստանը, իսկ ինքը՝ քաղաքապետը, անհետացել էր. սա ի՞նչ է, եթե ոչ վախի դրսեւորում, մենք չենք վախենում՝ իրենք են վախենում, իրենք այսօր հայտնվել են ահ ու սարսափի մեջ, ինչ որ անում են, ահն ու սարսափն է թելադրում»,- եզրափակեց Արկադի Վարդանյանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ