Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն Եվրասիական միության գաղափարին լրջորեն է վերաբերվում

Ապրիլ 03,2013 13:51

Ըստ Անվտանգության եւ միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախի՝ ԼՂ հակամարտությունը «սառեցված» չէ:

– Պարոն Հալբախ, ապրիլի 9-ից պաշտոնապես մեկնարկում է Սերժ Սարգսյանի երկրորդ իշխանավարումը: Նրա իշխանավարումը 2008-ից նշանավորվեց «ֆուտբոլային դիվանագիտության» քաղաքականությամբ, որն անպտուղ գործընթաց էր։ Այժմ, Ձեր կարծիքով, Հայաստանը միջազգային հանրությանը ինչո՞վ կարող է հետաքրքրել, ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել Հայաստանից:

– Դժվարանում եմ ասել, թե ինչ-որ բան արմատապես կարող է փոխվել այս հարցում, բայց ես կարող եմ ենթադրել, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների գործընթացը դեռեւս կշարունակի մնալ օրակարգում: Հիշեցնեմ, որ նախագահ Գյուլը շնորհավորեց Սերժ Սարգսյանին վերընտրման առիթով, եւ դրա արդյունքում դարձյալ եղան քննարկումներ, թե արդյոք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կարո՞ղ է վերակենդանանալ: Չգիտեմ, կարծում եմ՝ հնարավոր է, որ այդ պրոցեսը վերականգնվի մեկ օր, եւ վստահ եմ, որ միջազգային հանրությունը կաջակցի:

Դժվարանում եմ կանխատեսել, թե Սերժ Սարգսյանը իր իշխանավարման երկրորդ փուլում կփոխի՞ արտաքին քաղաքական կուրսը, ավելին՝ ես չեմ տեսնում բոլորովին նոր շեշտադրումներ:

– Սերժ Սարգսյանը վերջերս խոսելով Եվրասիական միությանը եւ Մաքսային միությանը միանալու շուրջ հարցերի մասին՝ խորհուրդ տվեց չհավատալ նրանց, ովքեր ասում են, թե Ռուսաստանը պարտադրում է Հայաստանին դառնալ Մաքսային միության անդամ. «Մաքսային միության անդամները դեռեւս ցանկություն չունեն որեւէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: …Մենք սեւ-սպիտակի խնդիր չենք լուծում: Կամ-կամի խնդիր չենք լուծում: Մենք ազնիվ ենք մեր մղումներում, իսկ մեր մղումները բխում են մեր ժողովրդի շահերից, ուզում ենք, որպեսզի մեր երկիրը զարգանա եւ այդ պրոցեսում օգտագործի ե՛ւ Մաքսային միության, ե՛ւ Եվրասիական միության, ե՛ւ ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը»: Այնուամենայնիվ, եթե մի օր Հայաստանի առջեւ դրվի այդ ընտրության հարցը, դա միջազգային հանրության կողմից ինչպե՞ս կընկալվի:

– Իհարկե, հաճախ Եվրասիական միության թեման գերքաղաքականացվում է, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռուսաստանը այդ գաղափարին բավական լրջորեն է վերաբերվում եւ ցանկանում է, որպեսզի նոր պետություններ անդամակցեն այդ միությանը, այդ թվում եւ՝ Հայաստանը: Հստակ է, որ Հայաստանի հարցը առայժմ որոշակիացված չէ, Հայաստանն էլ առայժմ մանեւրում է: Բնական է, որ կան երկրներ, օրինակ՝ Ուկրաինան, որի հարցը առավել կարեւոր է այս փուլում: Ուկրաինայի անդամակցության հարցում ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական մրցապայքար կա՝ Ռուսաստանի հեռանկարների առումով: Սակայն պետք է նշեմ, որ Պուտինի՝ Եվրասիական միության գաղափարն իսկապես լուրջ հարց է եւ դրան պետք է բավական լրջորեն վերաբերվել:

– Պարոն Հալբախ, ի՞նչ կասեք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները նշանակալի արդյունքներ չեն արձանագրում, ավելին՝ այժմ նորանոր խնդիրներ, կարծես, բանակցային գործընթացը մտցնում են փակուղի՝ վերջերս ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու նրա հերոսացումն էր Ադրբեջանում, հիմա Ստեփանակերտի օդանավակայանի հարցն է դարձել օրակարգային թեմա…

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կա երկու խնդիր՝ տեղում դոփելու փաստն է, իսկ մյուս հանգամանքը այդ հակամարտությունն իսկապես լրջորեն հասկանալն է ու գիտակցելը, որ այս հակամարտության լուծումը պետք է օրակարգային հարց լինի, քանի որ, ինչպես հիշատակեցիք, օրինակ՝ Սաֆարովի գործը վկայում է այն մասին, որ այս հակամարտությունն ունի խորը հոգեբանական հետեւանքներ, եւ իսկապես վտանգ կա ռազմական գործողությունների էսկալացիայի: Ես չեմ տեսնում, որ արտաքին ուժերը շահագրգռված են այս հակամարտության կարգավորմամբ, ավելին՝ նրանք բավական անօգնական վիճակում են երեւում, եւ իսկապես փակուղային իրավիճակ է ստեղծվել: Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» հակամարտություն չէ, եւ անհրաժեշտ է չափազանց լրջորեն վերաբերվել նրան:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930