«Փակ շուկայում շարունակվում են շինարարական աշխատանքները` առանց հաստատված նախագիծ ունենալու, ինչն արդեն անօրինություն է: Դա չի սազում մեր մշակութային ժառանգությանը: Փակ շուկան համարվում է հանրապետական կարգի հուշարձան եւ մեր գլխավոր ճարտարապետներից մեկի` Գրիգոր Աղաբաբյանի լավագույն ստեղծագործություններից է: Վերջին հաշվով, հուշարձանները պահպանված են օրենքով, բայց դա մի կողմ է դրված: Հանրապետության համար Փակ շուկայի հետ կատարվածը շատ մեծ կորուստ է, որը մեր իսկ ձեռքերով է կատարվում»,-այսօր «Հայացք» ակումբում հերթական անգամ բարձրացնելով Փակ շուկայի խնդիրը` ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Նա փաստեց, որ հուշարձանի խնդրով նամակներ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, դատախազությանը, Երևանի քաղաքապետին եւ Մշակույթի նախարարությանը. «Վերջինս իր հերթին բազմաթիվ նամակներ է ուղղել վերահսկիչ ատյաններին, բայց արդյունք չկա: Մինչդեռ նման կառույցներով է, որ քաղաքը ճանաչելի է դառնում ամբողջ աշխարհին եւ քաղաքացիներին»:
Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի խոսքով. «Ոչ մեկը չի կարողանում կանգնեցնել Փակ շուկայում կատարվող բարբարոսությունը: Դա հետեւանքն է այն բանի, որ ժամանակին բարձր չէին խոսում Երեւանում կատարված փաստերի մասին, երբ, օրինակ, քանդեցին «Սեւան» հյուրանոցը»:
Հյուրանոցի քանդման փաստի շուրջ Մինասյանն ասաց, որ ժամանակին խնդիրը բարձրաձայնում էին, բայց հասարակական շարժում չկար, ինչպես հիմա:
Կարդացեք նաև
Պարոն Բադալյանը նշեց, որ Փակ շուկան պետական մրցանակներ է ստացել. «Ինչ է` պետք է կասեցնե՞նք պետական մրցանակներ ստանալը, որովհետեւ տպավորություն է ստեղծվում, թե պետական մրցանակ ստացած հուշարձանը քանդվելո՞ւ է»:
Մկրտիչ Մինասյանը Փակ շուկայի հետ կատարվածից զարմանում է. «Ինչպես կարող է մարդ այդքան ատել իր քաղաքը»:
Ճարտարապետը նաեւ հայտնեց, որ երեկ դատախազությունից նամակ է ստացել, որում ասված է, թե կատարվածը հանցակազմ չի պարունակում. «Այսինքն, դուրս է գալիս, որ շուկան հաստատված նախագիծ ունի, իսկ հուշարձանը մեզ վերադարձնելու են այնպես, ինչպես կար: Մենք էլ ոնց որ մի տեսակ «ուրիշ աշխարհ» ընկած լինենք»:
Ինչ վերաբերում է ընտրությունների նախաշեմին նախագահի` Փակ շուկա հնարավոր «գալուն», ինչպես Մաշտոցի պուրակի պարագայում եղավ, Մինասյանն ասաց. «Ընտրությունից ընտրություն ապրելն ամենատհաճ բաներից է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ