Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված ազատամարտիկի եղբոր հողամասը զորամասի համար վերցրել են, սակայն փոխհատուցում չեն տվել

Ապրիլ 03,2013 13:15

Ովքե՞ր են պետբյուջեից փոխհատուցում ստացել

ՀՀ կառավարության 2002թ. թիվ 1641 որոշմամբ որպես տնամերձ հողամասեր անհատույց բաշխելու համար Տավուշի մարզի Կողբ համայնքին է հատկացվել 6.3 հա հողատարածք, որից՝ 2.7 հեկտարը «Ավագի ձոր» տարածքում: Կողբ համայնքի ավագանու 2004թ. փետրվարի 18-ի թիվ 13/1 որոշմամբ հաստատվել է անհատույց տնամերձ հողամասեր ստանալու համար համայնքի բնակիչների ցուցակը, որտեղ կա Կողբի բնակիչ Ջիվան Աղաբաբյանի անունը:

Ջիվան Աղաբաբյանի եղբայրը՝ Վահրամ Աղաբաբյանը, Նոյեմբերյանի միլիցիայի աշխատակից էր, նա զոհվեց 1991թ. մայիսի 6-ին՝ Ոսկեպարի սահմանը պաշտպանելիս: Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության 2004թ. հունիսի 25-ի ՊՆ /510-375 գրության, ՀՀ վարչապետի 2004թ. մարտի 22-ի թիվ 107-1601 եւ ապրիլի 13-ի թիվ 107-2240 հանձնարարականների՝ Տավուշի մարզպետի եւ Կողբ համայնքի ղեկավարի հետ քննարկվել է Կողբի զորամասին կից անհրաժեշտ հողատարածքի տրամադրման հարցը եւ փոխհամաձայնություն է ձեռք բերվել զինավանի ընդլայնման համար 1.5 հա հողատարածքի օգտագործման մասին, որի մեջ ներառվել է նաեւ Ջիվան Աղաբաբյանի ստացած 700 քմ հողամասը:

Երկուսուկես տարի անց, Կողբի ավագանու 2007թ. հունվարի 12-ի որոշմամբ եւ Կողբի գյուղապետի 2007թ. հունվարի 15-ի թիվ 1 որոշումներով այս անգամ 0.913 հա հողամաս է հատկացվել զորամասին: Կողբի գյուղի 9 բնակիչներ, ում հողամասերը վերցվել են զորամասի կարիքների համար, 2007թ. պետբյուջեից ստացել են 980 հազարական դրամ փոխհատուցում: Իսկ 19 բնակիչ, որոնց հողամասերը նույնպես վերցվել են զորամասի տարածքի ընդլանման համար, փոխհատուցում չեն ստացել: Ջիվան Աղաբաբյանը, ով 1988 թվականից առանձին տնտեսություն է վարում, 1991 թ. չի օգտվել սեփականաշնորհումից՝ գյուղապետարանի կողմից ծառայողական անփութության պատճառով: Ջ. Աղաբաբյանը 2004 թ. տնամերձ հողամաս է ստացել վերոհիշյալ 1.5 հա-ի շրջանակներում:

Հետո նրա տարածքը վերցվել է զորամասի տարածքի ընդլայնման համար եւ նրան մի քանի անձանց հետ հողամաս է տրամադրվել նուjն տարածքի վերեւի մասում՝ վերոհիշյալ 0.913 հա-ի շրջանակներում: Նրա տնամերձ հողամասը կրկին վերցվել է զորամասի կարիքների համար, սակայն նրան փոխհատուցում չի տրվել:

Ջ. Աղաբաբյանը 2007թ. հոկտեմբերի 25-ին դիմել է Կողբի գյուղապետարան եւ ստացել «Ավագի ձոր» տարածքում զորամասի կարիքների համար վերցված տնամերձ հողամասերի դիմաց փոխհատուցում ստացած կողբեցիների ցուցակը: Նա մեզ տրամադրեց Կողբի գյուղապետի 2004թ. նոյեմբերի 11-ի թիվ 126 որոշումից քաղվածք, ուր նշված են «Ավագի ձոր» եւ « Թեղանց փոս» տարածքներում 700 քմ տնամերձ հողամաս ստացած ընդհանուր թվով 48 բնակիչների ցանկը: Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանն այդ որոշումն ընդունել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 17-ի թիվ 1641 եւ Կողբ համայնքի ավագանու 2004թ. փետրվարի 18-ի նիստի որոշումները:

Զարմանալի է, սակայն անվճար հողամաս ստացածների ցուցակում կան մարդիկ, ովքեր Կողբի բնակիչ չեն, առկա է նաեւ Արսեն Տիգրանի Ղուլարյանի ազգանունը: Վերջինս Կողբի բնակիչ չէ, դատելով ազգանունից, նա հավանաբար Իջեւան քաղաքի բնակիչ է: Համեմատելով տնամերձ հողամաս ստացած 48 անձանց եւ զորամասի կարիքների համար վերցված տնամերձերի դիմաց 980 հազարական դրամ փոխհատուցում ստացած 9 բնակիչների ցուցակները, պարզեցինք, որ այդ 9 բնակչից միայն մեկի անունն է առկա Կողբի գյուղապետի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշման մեջ նշված ցանկում: Ջ. Աղաբաբյանը իրենից վերցված հողամասի փոխհատուցման հարցով դիմել է Նոյեմբերյանի ոստիկանություն, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անի Դանիելյանը նրա դիմումին պատասխանել է, որ պետական փոխհատուցումը կատարվել է միայն վերոհիշյալ 0.913 հա հողամասի համար, որ Ջ. Աղաբաբյանն այնտեղ հողամաս չի ունեցել:

Ջ. Աղաբաբյանը դիմել է ՀՀ նախագահին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, սակայն դատարանում գործը չի քննվել: Ջ. Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն տրված տնամերձ հողամասը պետական գրանցում չի ստացել: Նա մեզ ցույց տվեց 2006թ. նոյեմբերին 20-ի եւ 2007թ. փետրվարի 13-ին անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանումից ստացված գրությունները, որտեղ նշված է՝ Կողբ գյուղի նշված տարածքներում որեւէ հողամասի նկատմամբ պետական գրանցում չի արվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930