«Show must go on»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով այն, որ Արարատի մարզի թիվ 17/05 ընտրատեղամասի հետ կապված երեկ Հատուկ քննչական ծառայությունում անցկացվող ընտրատեղամասի ընտրական փաստաթղթերի, քվեաթերթիկների պարկի զննության արդյունքում պարզվեց, թե ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում առկա է 432 քվեաթերթիկ, որից 421-ն է քվեարկվել Ր.Հովհաննիսյանի օգտին՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեց Ֆրեդի Մերկուրիի հայտնի երգը:
Մասնավորապես, ըստ զննության արդյունքների` Ր. Հովհաննիսյանի օգտին քվեաթերթիկների պարկում են հայտնվել նաև ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված 5 քվեաթերթիկ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օգտին քվեարկված 1 քվեաթերթիկ, իսկ 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, քանի որ քվեարկությունը կատարվել է ոչ սահմանված ձևով: Այս փաստի վերաբերյալ մեր հարցերին պատասխանլիս պարոն Մարտիրոսյանը շեշտադրում կատարեց, թե միայն այդ դե՞պքն է գրանցվել, Սերժ Սարգսյանի օգտին քվեաթերթիկների տրցակի վրա ուրիշի քվեաթերթիկներ չե՞ն եղել:
Նշենք, որ այս մասին դեռ պաշտոնապես տեղեկություններ չեն հաղորդվել, ինչպես տեղեկացվել է, երեկվանից ՀՔԾ-ում կատարվում է հօգուտ Սերժ Սարգսյանի քվեաթերթիկների ծրարի զննությունը: Այս փաստի կապակցությամբ էլ Ա. Մարտիրոսյանը հեգնեց. «Փաստորեն այնքան շատ խախտումներ են եղել Սերժ Սարգսյանի ձայների վրա, որ դեռ հաշվո՞ւմ են»: Պարոն Մատիրոսյանն այսպիսի իրավիճակի գոյության փաստը մեկնաբանելով նշեց. «Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ այդ ընտրատեղամասում ամեն ինչ եղել է՝ բացի քվեարկությունից»:
Հիշեցնենք, որ ժամանակին, երբ «Ժառանգություն»-ը պահանջում էր որոշ ընտրատեղամասերում բացել քվեաթերթիկների պարկերը, նրանք մտավախություն ունեին, որ այդքան ձգձգելու դեպքում հնարավոր է նաև պարկերը նախապես դասավորեին : Ուստի Ա. Մարտիրոսյանից հետաքրքրքվեցինք` հնարավո՞ր է այս մտավախությունը իրականություն դարձած լիներ: Նա պատասխանեց. «ՀՀ-ում ամեն ինչ հնարավոր է: Օրինակ Aravot.am-ում մի նյութ կա, որտեղ Արթիկում մի պապիկ ասել է, թե իրեն 5000 դրամ են տվել Ս. Սարգսյանին ընտրելու համար, բայց ինքն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ