Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի արձագանքը Վարդան Օսկանյանի հայտարարությանը

Ապրիլ 03,2013 12:57

Ձեռնպահ մնալով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի՝ երեկ մամուլում տարածած դիտարկումների մասին ընդհանրական գնահատական տալուց՝ շատ հակիրճ անդրադառնամ ա­ռաջ քաշված կետերին առանձին-առանձին.

1. Երևան քաղաքի տասնամյակների պատմություն ունեցող ճարտարա­պետական դիմագծի հարցը վերջին տարիներին քաղաքապետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, իսկ հասարակությանը մտահոգող հարցերն իրենց բնույթով համարվում են օրակարգային և քննարկվում են առանց միջնորդների։ Հետևաբար պետք է առնվազն չցանկանալ, որպեսզի չտեսնել ապօրինի շինարա­րության նկատմամբ իրականացվող վերահսկողական գործընթացի ակնհայտ ձեռքբերումները։

Առկա խնդիրները կուտակվել են անկախության ողջ ժամանակա­հատ­վածում, ներառ­յալ Վարդան Օսկանյանի Կառավարության անդամ լինելու 10 երկար ու ձիգ տարիներին, երբ նա ցանկության դեպքում հնարավորություն ուներ բարձրացնել իրեն հուզող հարցերը երկրի բարձրագույն ղեկավարության առջև: Նաև այն ժամանակ, երբ Ավանի վարչական շրջանի ղեկավար Տարոն Մարգար­յանը ժամանակակից կանաչ գոտիներ էր ստեղծվում, ինքն ինչ մասնակցություն էր ունենում կանաչ գոտիների վերացմանը Կենտրոն համայնքում, նույն Օպերայի շրջակայքում:

Ինչ վերաբերվում է որպես կանաչ գոտու բետոնապատման օրինակ ներ­կայացված «Օպերային կից տարածքում» կատարվող բարեկարգման աշխա­տանք­ներին, ապա հենց բերված կոնկրետ օրինակից ակնհայտ է դառնում, որ այն՝ իրողությունների աղավաղման ճանապարհով, հետապնդում է պոպուլիստական նպատակ: Նշված տարածքում որևէ սանտիմետր կանաչ տարածք չի բետո­նա­պատվում, այլ, քաղաքապետարանի հսկողությամբ, պարոն Օսկանյանի պաշտո­նա­վարման տարիներին գործելու թույլատրություն ստացած սրճարանն իրա­կանացնում է տարածքի մաշված եզրաքարերի և սալաքարերի փոխարինման ու վերանորոգման աշխատանքներ։ Այն սրճարանի, որտեղ Վարդան Օսկանյանը պարբերաբար հրավիրում է իր հյուրերին և հպարտանում, թե Երևանում որքան շատ մարդիկ են այցելում բարձրակարգ սրճարաններ: Դրա փոխարեն հենց այդ նույն սրճարանի հարևանությամբ Վարդան Օսկանյանի՝ կառավարության անդամ լինելու տարիներին թույլատրվեցին ու վեր խոյացան կապիտալ կառույցներ, ինչն իհարկե անթույլատրելի էր:

Վերցրե՛ք Երևանի կանաչ գոտիների ստեղծման/վերացման վիճակագրու­թյունը. այն Ձեզ շատ բան կասի: Կասի, որ Տարոն Մարգարյանը 1 քառակուսի մետր կանաչ տարածք չի վերացրել, կասի ինչքան է ավելացնել, բայց նաև շատ բան կասի Ձեզ հայտնի ժամանակահատվածների մասին:

2. Երևանի քաղաքապետարանում արդյունավետ գործող մեկ պատուհանի աշխատանքը վարկաբեկելը զուրկ է երևույթը գործնական դաշտում դիտարկելու ցանկությունից և ունակությունից, քանի որ բոլոր թույլտվությունների համար պահպանվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված «ինստանցիաների» քանակը և ժամկետները։

«Երևան» հիմնադրամի մասով ներկայացված տեսակետը նույնպես չի դիմա­նում որևէ քննադատության, քանզի տվյալ հիմնադրամը ՀՀ օրենքով սահ­մանված կարգով ենթարկվում է ստուգումների, աուդիտ է անցնում, իսկ տարեկան հաշվետ­վությունները տպագրվում և հասանելի են հանրությանը: Առավել առարկայական լինելու համար Վարդան Օսկանյանը կարիք ուներ սույն թեմայով առնվազն լրա­ցուցիչ ընթերցանության: Մի փոքր հուշում, ուշադի՛ր եղեք՝ որ թվականին է ստեղծվել հիմնադրամը և որ թվականից է սկսել գործել կատարյալ թափան­ցիկության դաշտում:

3. Երևանի քաղաքապետարանի կողմից գնումների գործընթացները կազ­մակերպվում են գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցակցային և բաց հրապարակային սկզբունքներով, որոնց կազմակերպման վերաբերյալ հայտարարությունները հրապարակվում են www.gnumner.am, www.azdarar.am և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական www.yerevan.am կայքերում:

Նշված գործընթացների ընթացքում կազմակերպությունների մասնակ­ցու­թյունը որևէ կերպ սահմանափակված չէ և մրցակցության արդյունքում կնքվում են համապատասխան պայմանագրերը, որոնք նույնպես ունեն հրապարակային բնույթ։

Մրցակցային գործընթացում հաղթում են ամենացածր գին առաջարկած մասնակիցները, իսկ թե «համապատասխան կապերը» ինչպես կարող են ազդել գնային առաջարկի վրա, կարծում եմ, մեզ համար կբացահայտի պարոն Օսկան­յանը։

Կոչ կանեինք Վարդան Օսկանյանին ֆինանսական մեքենայությունների մասին հարուստ գիտելիքները չփորձել «տեղայնացնել» այլոց վրա:

4. Երևան քաղաքի տրանսպորտային հիմնախնդիրը բնականաբար դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, ինչի մասին բազմիցս նշել է քաղաքապետը։ Միաժամանակ, պարոն Օսկանյանի արված առաջարկները՝ հասարակական տրանսպորտի ոլորտում, այն տպավորությունն են թողնում, որ նա պարբերաբար օգտվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ Մասնավորապես, նրա կողմից մատնանշված երթուղային տաքսիները ավտոբուսներով փոխա­րինելու գործընթացն արդեն իսկ սկսվել է և նպատակամղված իրականացվում է հաստատված նոր երթուղային ցանցին ու սահմանված ժամնակացույցին հա­մապատասխան։

Քաղաքակիրթ աշխարհում, որի ջատագով է ջանում ներկայանալ պարոն Օսկանյանը այլոց առաջարկությունները օգտագործելիս համապատասխան հղում են անում, իսկ հակառակ դեպքում` մեղադրվում են գրագողության մեջ:

Ինչ վերաբերվում է զեղչերով երթևեկության մշտական տոմսեր ունենալու առաջարկին, ապա նմանօրինակ բազմազան և բազմաբնույթ առաջարկները (ներառյալ այդ բազմազանության մի փոքրիկ մասնիկ հանդիսացող «խորհրդային շրջանից զեղչերով երթևեկության մշտական տոմսեր» ունենալու առաջարկը) և դրանց կիրառման հնարավորությունները հասարակական տրանսպորտի սեփա­կանության տարբեր ձևերի պարագայում քննարկելու և տրանսպորտի բնագա­վառում ինստիտուցիոնալ կառավարման առաջավոր փորձի (այդ թվում՝ միաս­նական տոմսային համակարգի) ներդրման վերաբերյալ խորհրդատվություն ստա­նալու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ներգրավվել է միջազգային խորհրդատու։

5. Չփորձելով բացահայտել արագաչափիչ սարքերի և տեսախցիկների տեղադրման և շահագործման իրավական մանրամասները, նշենք, որ Երևանի քաղաքապետարանը արձանագրված խախտումների ուսումնասիրման, տուգանք­ներից գանձվող գումարների տնօրինման և գործառույթի իրականացման այլ ուղ­ղու­թյուններով չունի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավասու­թյուններ։ Այս փաստի չիմացությունն առնվազն տարակուսելի է մի մարդու համար, ով պատիվ ունի աշխատելու Հայաստանի օրենսդիր մարմնում:

Տեսախցիկների «աշխարհագրությունը» սահմանափակելու անհրաժեշ­տու­թյունը փաստարկված և հիմնավորված լինելու պարագայում ԱԺ ԲՀԿ խմբակ­ցությունը իրավասու է ներկայացնել օրենսդրական առաջարկն ինքնուրույն ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն (հարկ եղած դեպքում կարող ենք տրամադրել նաև նշված օրենքի առնվազն մեկ օրինակ): Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում ենք, թե Վարդան Օսկանյանն ինչու է իրեն չհասկացողի տեղ դնում. նրա խմբակցության ճնշող մեծամասնությունը, անգամ ընտանիքի անդամները, բոլորին հայտնի են որպես երթևեկության կանոնների ամենահաճախ և չարամիտ խախտողներից՝ իրենց ամենաթանկարժեք ավտոմեքենաներով:

6. Հարկ չեմ համարում անդրադառնալ Օսկանյանի տեսակետներին հասա­րակության տրամադրությունների և վիճակի մասին: Դրանք, ինչպես նաև իր այլ քաղաքական հայտարարություններ, բազմիցս քննադատվել են: Անիմաստ եմ համարում մեկնաբանել նաև ճաշակի վերաբերյալ նրա տեսակետը, քանզի ի պա­տասխան կարող ենք ստանալ սնոբիզմի և «էլիտարության» հերթական չափա­բաժինը:

Երևանի քաղաքապետարանը իր բնակիչների համար ապահովում է հար­մա­րավետ և ներկայանալի Երևան, իսկ անցկացվող բազմազան միջո­ցառում­ներով՝բարձր տրամադրություն։ Ծախսերի ուղղորդման առաջարկները անհրա­ժեշտ է կառուցել քաղաքային տնտեսության բոլոր խնդիրներին անդրադառնալու տրամաբանությամբ, ինչով և առաջնորդվում է քաղաքապետարանը ծախսերը ծրագրելիս։

7. Սոցիալական բնակարանաշինության ծրագիրը մշտապես լինելով Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, ներկայումս իր մեջ կրում է վթարային շենքերի բնակիչներին բնակարանով ապահովելու առաջնային իրականացվող բաղադրիչը, որի տրամաբանական շարունակությունն է դառնալու սոցիալական մյուս շերտերի համար մատչելի բնակարանների կառուցումը։ Վստահ եմ, որ ընդդիմախոսը շատ լավ հասկանում է, որ ռեսուրսների առկա­յության դեպքում ոչ ոք չէր վարանի բոլորը միանգամից անել, հասկանում է, բայց ամբոխահաճությունը վարակիչ բան է:

8. Հրազդանի կիրճում վերջին տարիներին իրականացված մեծածավալ բարե­կարգման աշխատանքները չնկատելը ենթադրում է Երևան քաղաքի վերա­բերյալ հերթական անտեղյակություն կամ պարզունակ չարակամություն։

Առայժմ այսքանը:

 

Վահե Նիկոյան

Երևանի քաղաքապետի տեղակալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930