Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեակատարողականի պետը հարցազրույց չի տալիս, համակարգն էլ փակ է աշխատում». վստահեցնում է Արման Դանիելյանը

Ապրիլ 03,2013 12:55

Այսօր «Մեդիա կենտրոնում» Քաղաքացիական հասարակության ինստիտուտի` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի հետ համատեղ պատրաստած «Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ միջանկյալ (2010-2012թթ.) այլընտրանքային զեկույցի» վերաբերյալ խոսեցին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ նախագահ Արման Դանիելյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ իրավաբաններ Տաթեւիկ Ղարիբյանն ու Աննա Մելիքյանը:

Ղարիբյանի փոխանցմամբ՝ զեկույցում անդրադարձ կա խոշտանգումներին, դատական համակարգի խնդիրներին, անչափահասների արդարադատությանը, քրեակատարողական հիմնարկներին եւ այլն:

«Դատարանները կողմնակալություն են դրսեւորում, խախտվում է անմեղության կախավարկածը: Խոշտանգումների սահմանումը չի համապատասխանում ՄԱԿ-ի կոնվենցիային, տուժողները հաճախ վախենում են բարձրաձայնել այս մասին, անկախ քննություն չի իրականացվում: Քրեակատարողական հիմնարկները շարունակում են մնալ վատ պայմաններում, դատապարտյալների հետ վերականգնողական աշխատանքներ չի իրականացվում, անչափահասների դեպքում եւս համապատասխան գործողություններ չեն տարվում, որպեսզի կանխեն նրանց հետագա  սխալի կրկնությունը»,- նշեց Ղարիբյանը, հավելելով, որ իրենք առաջարկություններ են մշակել, սակայն դրանցից մի մասը Հայաստանում չի կատարվել:

Բանախոսները նշեցին, որ Հայաստանը 2006 թվականից միացել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիային: Արդարադատության նախարարությունը մշակել է խոշտանգումների եզրույթը, բայց այն այդպես էլ մնացել է ԱԺ-ում:

Մելիքյանն էլ հավելեց, որ զեկույցի վերանայումը նախատեսված էր, Հայաստանը որոշեց ներկայացնել առաջարկությունների կատարման իր առաջընթացը ու իրենք էլ որոշեցին այդ առիթով իրենց տեսակետը հայտնել:

Դանիելյանն էլ ավելացրեց. «Դժվար է գնահատել մարդու իրավունքների առաջընթացը, քանի որ այսօր ունենք քաղբանտարկյալներ. մեզ մոտ անչափահասների արդարադատության մասով մի փոքր առաջընթաց կա, նշանակվում են դատավորներ որոնք մասնագիտանում են, բայց խնդիր կա քննիչների, փաստաբանների առումով եւ այլն»:

Այսօր քրեակատարողական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, հավաստիացրեց Դանիելյանը, հավելելով, որ այսօր քրեակատարողական համակարգը շատ փակ է աշխատում, քան տասը տարի առաջ էր, իսկ այստեղ հարց է առաջանում արդեն թափանցիկության հետ կապված. «Չգիտեմ ինչից են զգուշանում, վախենում, այսինքն՝ սա անձի խնդիր է, եթե քրեակատարողականի պետը ոչ մի հարցազրույց չի տալիս…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930