Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաշեմի զգացողություն՝ Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ելույթի ընթացքում

Ապրիլ 03,2013 12:31

Նախաշեմը մի սահմանագիծ է, որը տարանջատում է մի ժամանակաշրջանը մյուսից. միևնույն ժամանակ այն ոչ միայն կանխորոշում է ապագան, այլև ամփոփում անցած ուղին…

Նախաշեմի զգացողությունը համակեց մեզ «Արամ Խաչատրյան» համերգասրահում օրերս կայացած Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ելույթի ընթացքում, որը ղեկավարում էր գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, մենակատարն էր դաշնակահարուհի Արուս Աճեմյանը: Ծրագրում ընդգրկված էին` Էդուարդ Հայրապետյանի նոր ստեղծագործությունը՝ Սիմֆոնիան լարային նվագախմբի համար՝ գրված հատուկ երիտասարդական նվագախմբի համար, և Սերգեյ Ռախմանինովի Երկրորդ կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար /դո մինոր/, երկեր, որ հեղինակների ոճական էվոլյուցիայի դիտանկյունից նույնպես նախաշեմի հետ են աղերսվում: Անշուշտ, դժվար է ասել, թե հետայսու ինչպես կզարգանա Հայրապետյանի երաժշտական մտածողությունը, ով մեծակտավ ժանրում առաջին անգամ կիրառել է մինիմալիզմի գրելաոճը, թեև նրա ստեղծագործություններում հազվադեպ չեն ընտրված նյութի ձևափոխումների վրա հիմնված տևական բաժինները: Իսկ Ռախմանինովը, ում ծննդյան 140-ամյակը այսօր նշում է ողջ քաղաքակիրթ աշխարհը, 1901 թվականին գրված իր այս գլուխգործոցով մի նոր փուլի սկիզբ դրեց, որում ոչ միայն ի դերև չելան, այլ հակառակը՝ նոր զարգացում ստացան պատանեկան շրջանի ստեղծագործական միտումները:

Այդ երեկո երկերի երաժշտական մեկնաբանումը նույնպես վկայում էր կատարողների գործունեության բեկումնային շրջափուլի մասին: Երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հաստատման ճանապարհին է և ներկայացնելով 20-րդ դարի դասական և ժամանակակից (նաև նորագույն) հայ երաժշտությունը՝ դրսևորում է մտավոր հագեցվածություն, այսինքն՝ հնչյունային օբյեկտներն իմաստավորված վերստեղծելու կարողություն, այլ ոչ թե սոսկ կոմպոզիտորական տեքստի պասիվ վերարտադրում: Դա, միանշանակ, դրական փաստ է դիրիժորի ստեղծագործական կայացման            համար:
Դաշնակահարուհի Արուս Աճեմյանը, թևակոխելով հասունության շեմը և հետևում թողնելով տվյալ Կոնցերտի մեկնաբանման բազմաթիվ տարբերակներ, իր սուբյեկտիվ փորձից (հենց սուբյեկտիվ, այլ ոչ զուտ անհատական) առաջարկեց Ռախմանինովի երաժշտության սեփական ընթերցումը:

Առավել մանրամասնենք ասվածը:

Այս տարի հորինված Էդուարդ Հայրապետյանի (ծնվ. 1949թ.) Սիմֆոնիայում լարային նվագախմբի համար (նվիրված Արամ Խաչատրյանի 110-ամյակին) առկա է երաժշտական նյութի հետ աշխատելու հեղինակի վարպետությունը՝ պահպանելով մտածողության անառարկելիությունն ու հնչյունային երանգապնակի գեղեցկությունը: Սահմանափակ տարածության մեջ ծավալվող սիմետրիկ ինտերվալները, հերթագայվելով լարային տարբեր խմբերում, պարուրում էին տարածությունը մերթ խիտ ցանցով, մերթ շղարշով: Իր բովանդակությամբ հիմնականում անփոփոխ, սակայն ֆակտուրային փոփոխության ենթարկվող երաժշտական նյութը, սնունդ առնելով հուզական լարման էներգետիկ դաշտից՝ բոլորովին անսպասելի հանգեցրեց Սպարտակի և Ֆրիգիայի Ադաջոյի մեջբերմանը: Կարծում ենք, այնուհանդերձ, որ երկը չի հարում «սիմֆոնիայի» ժանրին, և առավել տեղին կլիներ այն խորագրել «Խաչատրյանի հիշատակին»՝ որպես 20-րդ դարի դասականին բնորոշ երաժշտական էքսպրեսիայի յուրահատուկ արտացոլում:

Նվագախմբի լարային կազմը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, առավելագույնս դրսևորեց իր կարողությունները: Երաժիշտները նվագում էին մեծ նվիրումով ու ըմբռնումով և, որ գլխավորն է՝ ներդաշն միասնությամբ: Իհարկե, նույնը դեռևս չի կարելի ասել ամբողջ սիմֆոնիկ կազմի մասին. դրան հասնելու համար նվագախմբի երաժիշտները պետք է ունենան պատասխանատվության բարձր զգացում՝ գիտակցելով իրենցից յուրաքանչյուրի դերն ընդհանուր գործի մեջ:

Անվանի դաշնակահարուհի Արուս Աճեմյանը «զովացրեց» համերգի առաջին բաժնում տիրող տաք մթնոլորտը. Ռախմանինովի կոնցերտը նրա կատարմամբ հնչեց ավելի շուտ անալիտիկ խորհրդածության, քան ավանդական համերգային հռետորականության ձևով: Ընտրելով առավել հանդարտ տեմպ, քան ընդունված է /հատկապես առաջին մասում/՝ Աճեմյանը երաժշտությանը հաղորդեց թարմ, քնարական շունչ, նույնիսկ մելամաղձոտ երանգ՝ մոտեցնելով Կոնցերտի բոլոր մասերը, բայց և ցուցադրելով յուրաքանչյուրի գունեղությունն ու դինամիզմը: Հմտորեն ժանեկազարդված դանդաղ մասին հակադրվեց ֆինալի մեկ այլ՝ առավել խոշոր հյուսքը: Աճեմյանի նվագին բնորոշ ներքին մեծ մղումով էր պայմանավորված պաթետիկ նախասկզբի աստիճանական զարգացումը, ինչն էլ նպաստեց տեմբրային առավել ցայտուն արտահայտչականությանն ու հնչյունային գույների ճառագմանը:

Սվետլանա Սարգսյան,

  արվեստագիտության դոկտոր,

 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930