Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի միգրանտներին կօգնեն վերաինտեգրվել

Ապրիլ 03,2013 12:19

«Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետեւանքները շատ հաճախ ուշադրությունից դուրս են: Չնայած փողի ներհոսքին,  աշխատանքային միգրացիայի հետեւանքով ընտանիքի անդամները ենթարկվում են այնպիսի խոցելի գործոնների, ինչպիսիք են սոցիալ-հոգեբանական, սեռավարակակիր դառնալու եւ համապատասխան բուժում չստանալու խնդիրները,  առողջապահական եւ կրթական ծառայությունների հասանելիության նվազումը, երեխաների բռնության եւ շահագործման ենթարկվելու վտանգը»,- այսօր «Մարիոթ» հյուրանոցում «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետեւանքների մեղմացում եւ տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Այս ծրագիրը Եվրամիության աջակցությամբ պետք է իրականացվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ:

Ըստ ԵՄ ներկայացուցիչների՝ տարիներ շարունակ աշխատանքային միգրացիան հանդիսացել է Հայաստանում ընտանիքների եւ համայնքների աղքատության, ինչպես նաեւ գործազրկության հետաւանքով առաջացած այլ խնդիրների հաղթահարման միջոց: Այնուամենայնիվ, աշխատանքային միգրացիայի բացասական հետեւանքները ընտանիքների, մասնավորապես՝ երեխաների ու կանանց վրա նշանակալից են եղել: «Աշխատանքային միգրացիան թե խնդիրներ եւ թե հնարավորություններ է առաջացնում ընտանիքների եւ համայնքների համար: Առանց հայրերի եւ ամուսինների մնացած երեխաներն ու կանայք տարբեր խնդիրների միջով են անցնում, ինչը հանգեցնում է ոչ պատշաճ ծնողական հմտությունների ձեւավորմանը, երեխաների՝ դպրոցից դուրս մնալուն, կանանց մոտ՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ ձեռք բերելու առավել մեծ ռիսկին:  Մյուս կողմից, աշխատանքային միգրացիան կարող է եզակի հնարավորություն ներկայացնել համանյքների համար, քանի որ Հայաստանից դուրս միգրանտների ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները պատշաճ ձեւով կիրառվելու դեպքում կարող են նպաստել այդ համայնքների զարգացմանը»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Քիրսի Մադին:

Ծրագրի ընդհանուր արժողությունը 1 մլն եվրո է: Այն, ըստ Եվրամիության պատվիրակության ղեկավարի, աջակցելու է ապօրինի միգրացիայի հետեւանքով արտերկրում հայտնված եւ վերադարձած միգրանտներին՝ վերաինտեգրվելու Հայաստանում: «Այս նոր նախաձեռնությունը կկենտրոնանա մասնավորապես միգրանտների մոտ առաջացած սոցիալական խնդիրների վրա»,- ասաց Տրայան Հրիսթեան:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ներկայումս իրականացվող  «Հայաստանում աշխատանքային միգրացիայի սոցիալական արձագանք» ծրագիրը նպատակ ունի նվազեցնել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների եւ նրանց համայնքների սոցիալական խնդիրները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930