Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդյան սկզբունքները դեռ բանակցությունների սեղանի՞ն են

Ապրիլ 03,2013 11:56

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտում են տարածաշրջանային այցը, եկող շաբաթ Վիեննայում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստը, իսկ տարածաշրջանային այցի ավարտին, ինչպես միշտ, միջնորդները հանդես կգան համատեղ ամփոփիչ հայտարարությամբ:

Ապրիլի 1-ից ՄԽ-ի համանախագահներ՝ Յան Քելլին, Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվում են: Մինչ Բաքու մեկնելը միջնորդները ժամանել էին Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Մարտի 19-ին նրանք սկսեցին տարածաշրջանային այցը Ստեփանակերտից: Ամերիկացի համանախագահ Քելլին, որն առաջին անգամ էր Լեռնային Ղարաբաղում, նշեց, որ Ղարաբաղում է լսելու համար իշխանություններին, թե «ինչով կարող ենք օգտակար լինել եւ օգնել»: Պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում Ստեփանակերտի օդանավակայանի եւ մասնավորապես ԼՂ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի խնդրի լուծումը, Քելլին ասել էր. «Մենք ուզում ենք նպաստել խաղաղ կարգավորմանը»: Ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը հավելել էր, որ օդանավակայանի շուրջ գործընթացը շարունակվում է, եւ որ դեռ շատ վաղ է խոսել մանրամասների մասին. «Բայց հավատացած եղեք՝ մենք մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ եւ ունենք կոնկրետ առաջարկներ, որոնք քննարկում ենք կողմերի հետ»:

Մարտի 21-ին համանախագահները Երեւանում էին, Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների արդյունքում, ինչպես «Ազատություն» ռ/կ-ին ասել էր ամերիկացի համանախագահը՝ միջնորդները որեւէ արդյունքի չեն հանգել. «Մենք արդյունքներ չունենք… Ես ի նկատի ունեմ, որ մենք դեռ բանակցում ենք․․․»: Իսկ ռուսաստանցի համանախագահը մեկնաբանելով շրջանառվող այն տեսակետը, թե ղարաբաղյան բանակցություններում հարկավոր է լուրջ նախաձեռնության սպասել Ադրբեջանում այս հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո միայն, նկատել էր․ «Գիտեք…այս պահին չէի ցանկանա որեւէ մեկնաբանություն անել»:

Ինչպես ակնհայտորեն երեւում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բավական անելանելի վիճակում են, եթե չասենք՝ անօգնական: Այն, ինչ կատարվում է ղարաբաղյան բանակցությունների շուրջ վերջին ամիսներին, իհարկե, դժվար է բանակցային գործընթաց անվանելը, որքան էլ այդ բանակցությունները գաղտնի են եւ հասարակության լայն շերտերը չեն տիրապետում մանրամասներին:

Անզեն աչքով անգամ նկատելի է, որ բանակցային գործընթաց որպես այդպիսին չկա: Դժվար չէ կռահել, որ համանախագահների տարածաշրջանային վերջին այցերը նվիրվում են Ստեփանակերտի օդնավակայանի խնդրին ու դրա շուրջ քննարկումներին, ինչպես նաեւ՝ շփման գծում հնարավոր սրացումները մեղմելու հորդորներին:

Տպավորություն է ստեղծվում, որ այլ ձեւաչափերում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կարեւորությունն այսօր ավելի հաճախ է շոշափվում, քան բուն բանակցային գործընթացում՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի բանակցողների կողմից։ Մի քանի օր առաջ, օրինակ, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ընդունել էին համատեղ կոմյունիկե, որում ընդգծել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը (Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մայա Փանջիկիձեն, Ահմեդ Դավութօղլուն եւ Էլմար Մամեդյարովը միջգերատեսչական համագործակցության ծրագիր ստորագրեցին Բաթումում):

Անշուշտ ստեղծված իրավիճակն ունի իր բացատրությունը, բայց կարծես ժամանակն է հարց բարձրացնելու՝ արդյոք Մադրիդյան սկզբունքները չե՞ն սպառել իրենց, կամ արդյոք այդ սկզբունքները դեռ շարունակո՞ւմ են մնալ բանակցությունների սեղանին՝ որպես բանակցությունների հիմք․․․

Համանախագահները կարող են այցելել տարածաշրջան եւս մի քանի անգամ, հնչեցնեն ստանդարտ հայտարարություններ, ավելին՝ նույնիսկ պաշտոնական Երեւանի հետ բանակցություններից հետո ակնարկեն, թե «արդյունքներ չկան»: Սակայն, վաղ թե ուշ, բանակցություններում ինչ-որ բան պետք է փոխվի: Իհարկե, հազիվ թե համանախագահների կողմից պաշտոնապես հայտարարվի, որ բանակցությունները փակուղում են: Համանախագահող երկրները, թերեւս, նման բան հայտարարելուց զերծ կմնան:

Ինչ վերաբերվում է բանակցող կողմերին, ապա պաշտոնական Բաքուն առանձնապես երբեք էլ գոհ էլ չի եղել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունից՝ նույնիսկ երբ բանակցային ռաունդները ընթանում էին ըստ էության էին, իսկ դրանց շուրջ բուռն քննարկումները ծավալվում էին ոչ միայն Հայաստանում ու Ադրբեջանում, այլեւ շահագրգիռ երկրների պաշտոնյաների, փորձագետների եւ միջազգային տարբեր կառույցների կողմից։ Բաքվին մշտապես էլ ձեռնտու է եղել սեփական ապակառուցողական դիրքորոշումների հիմքում ստեղծված իրավիճակի պատասխանատու դարձնել ու մատնանշել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Բայց արդեն իսկ, կարծես, հասունանում է այն պահը, որը հիմք է ստեղծում նախապատրաստելու կարգավորման նոր առաջարկներ, որովհետեւ այս փուլը երկար չի կարող շարունակվել մի պարզ պատճառով՝ անորոշությունը կարգավորման գործընթացում մեծ վտանգներով է հղի, ցանկացած առիթ շփման գծում կարող է անսպասելի զարգացումների հանգեցնել եւ երկարաձգվող բանակցությունները, վստահաբար, ավելի լավ են, քան՝ փակուղին ու անելանելի վիճակը: Հետեւաբար միջնորդ երկրները մի օր պետք է հայտարարեն, որ մշակել ու ներկայացրել են նոր առաջարկներ, բանակցությունների սեղանին նոր առաջարկներ են, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը կդառնա անպտուղ, իրավիճակային, փակ շրջանի մեջ պտտվող գործընթաց:

Ի դեպ, օրերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ակնարկել էր «նոր գաղափարների» մասին․ նա նշել էր ինքը եւ ՄԽ ամերիկացի համանախագահը կշարունակեն համատեղ աշխատանքն Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ՝ «առաջ քաշելով նոր գաղափարներ հակամարտության լուծման ուղղությամբ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930