Իմ ծանոթ-բարեկամներից շատերն են հարցնում` ինչո՞ւ չեք մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին: Լինում են դեպքեր, որ չեմ էլ պատասխանում, սակայն, իսկապես, ինչո՞ւ Ռամկավար Ազատական կուսակցությունը չի մասնակցում այդ ընտրություններին: Միանշանակ պատասխանել կնշանակի ոչինչ չասել: Դրա համար կփորձեմ մի փոքր հանգամանալից ներկայացնել իրերի իսկական վիճակը:
Բոլորի համար հստակ է մեկ բան. եթե քաղաքական ուժ ես, հավակնություններ ունես երկրիդ ու ժողովրդիդ վիճակը քո ծրագրում բանաձեւած ռազմավարությամբ բարելավելու, ապա պարտավոր ես բոլոր տեսակի ու տրամաչափի ընտրություններին քո մասնակցությունն ունենալ: Մեր` ՌԱԿ-ի պարագայում, կարծես թե որեւէ խանգարող հանգամանք պիտի որ չլիներ: Սակայն արի ու տես, որ այդպիսիք ոչ միայն կան, այլեւ մի քանիսն են: Նախ սկսեմ նրանից, որ երկար ժամանակ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների հետեւանքով ՌԱԿ-ը դուրս էր մնացել քաղաքական գործընթացներից, ուստի եւ դժվար էր միանգամից մեծ ակնկալիքներ ունենալ: Չվախեցանք պարտվելու հիասթափություն ապրելուց ու, համեստ չափերով, մասնակցեցինք տեղական ընտրություններին, որտեղ ապահովեցինք մենք մեզ տված առաջադրանքի 60 տոկոսը: Լավ էր, ոգեւորիչ: Այնուհետեւ նախագահական ընտրություններին մասնակցեցինք ու բոլոր ուժերով սատարեցինք մեր կարծիքով այս շրջանում ամենաարժանի թեկնածու, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Մանրամասնեմ, որ մեր մասնակցությունն իրականացվեց երկու գլխավոր հարթություններում` ՀՀ-ում եւ Սփյուռքում:
Հանրապետության տարածքում մեր ծավալած աշխատանքներն այնքան էլ տեսանելի չեղան, որովհետեւ դրանք հիմնականում մնացին ՀՀԿ-ի ստվերում: Սակայն եթե հիշենք թեկուզ միայն Լոռիում (ի դեպ, այստեղ մեր տեղական կառույցի (ղեկ.ՙ Սեյրան Ղարիբյան) պատվերով պատրաստվել էր հատուկ պողպատակուռ թուր, որը նվիրվեց ՀՀ նախագահին, ով սիրով ընդունեց ուժի, միասնության ու ապագա հաղթանակների այդ խորհրդանիշը), Սեւանում, Սիսիանում, Մարտունիում, Վարդենիսում եւ այլ տեղամասերում կատարված, հիրավի, տեսանելի աշխատանքները, ապա հանգիստ կարող ենք ասել, որ ընտրությունները մեզ մոտ հաջողված կարելի է համարել:
Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա նկատի ունենալով, որ մեր ավանդական քաղաքական կառույցներից մեկը, մեղմ ասած, չէր պաշտպանում ՀՀ նախագահի թեկնածությունը, իսկ մյուս ավանդական ուժը համապատասխան ռեսուրսների չի տիրապետում, որ նրա ձայնը էական նշանակություն ունենար, միանշանակ կարող ենք արձանագրել, որ ՌԱԿ-ը միակ քաղաքական ուժն էր, որ Սփյուռքում իրապես սատարեց ՀՀ նախագահին եւ դա արեց գործնականում: Բեյրութում, Լիոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Մոնրեալում կազմակերպվեցին հանդիպում-քննարկում-ճաշկերույթներ, որոնց ընթացքում իրականացվեցին PR ակցիաներ ի նպաստ Սերժ Սարգսյանի, որոնց ներկա էին այդ համայնքների շատ երախտավոր այրեր: Բանախոսները մասնակիցներին բացատրում էին, թե ինչու է անհրաժեշտ սատարել գործող նախագահին:
Կարդացեք նաև
Ավելացնեմ, որ Կահիրեում էլ ամեն ինչ արված էր` ընդհուպ կազմակերպական բոլոր աշխատանքները, սակայն, ցավոք, երկրում ստեղծված քաղաքական լարված իրավիճակն ու խժդժությունները եւ դրանց հետեւանքով մտցված պարետային ժամը անհնարին դարձրին միջոցառման անցկացումը: Ընդհանուր առմամբ, հատկապես վաղուց կայացած մեր սփյուռքյան կառույցների հնարավորությունները հետագայում եւս իրենց ամբողջ կարողություններով կանեն ամեն ինչ ի նպաստ մայր հայրենիքի:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ չենք մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին: Որովհետեւ քաղաքական համագործակցություն ասելով մենք հասկանում ենք համագործակցություն վերից վար: Այսինքն` այս պահին եթե մենք պաշտպանում ու սատարում ենք ՀՀ նախագահին, բնականաբար սատարում ենք նաեւ նրա կրտսեր կուսակից ու գործընկեր քաղաքապետին ու նրա թիմին: Հետեւապես, տվյալ պահին մենք ուղղակի ավելորդ համարեցինք մեր մասնակցությունը, որովհետեւ, մեր կարծիքով, ներկա քաղաքապետն ու նրա ՀՀԿ-ական թիմը բավականին լավ են աշխատում, ընդունված են ժողովրդի կողմից եւ, վստահ ենք, կվերընտրվեն: Ավելացնեմ նաեւ, որ մենք ազատական մտածողության, հետեւապես նաեւ թափանցիկ գործելաոճի կողմնակից ենք ու, մինչեւ վերջ անկեղծ լինենք. ունենք նաեւ կազմակերպչական ու ֆինանսական որոշ դժվարություններ: Դրա համար էլ ավելի նպատակահարմար գտանք եղած առանց այն էլ սուղ միջոցները նպատակաուղղել այս պահին ավելի հրատապ խնդիրների լուծմանը:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱԿ ատենադպիր
«Ազգ»