Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ԲՀԿ-ն նո՞ր իմացավ Երեւանի հիմնախնդիրների մասին

Ապրիլ 03,2013 11:29

Հայտնի է, որ ԲՀԿ համամասնական ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններին գլխավորում է ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Ճիշտ է, դեռ այնքան էլ պարզ ու հասկանալի չէ. ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պարոն Օսկանյանը կցանկանա՞ զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը, թե՞ նա որպես կուսակցության քաղաքական դեմք, ուղղակի գլխավորում է համամասնական ցուցակը։ Կապրենք՝ կտեսնենք։
Ցանկացած պարագայում, ԲՀԿ ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը, կարելի է ասել, սկսել է նախընտրական քարոզարշավը։ Համենայն դեպս նա իր ֆեյսբուքյան էջում զետեղում է բավական ընդարձակ անդրադարձեր՝ առաջիկա ընտրությունների քաղաքական եւ, ինչպես ինքն է նշում, քաղաքային բաղադրիչների վերաբերյալ։
«Քաղաքականին» արդեն օրերս անդրադարձել ենք։
Ինչ վերաբերում է «քաղաքայինին», ապա թերեւս ինքնաքննադատաբար նկատելով, որ նախորդ գրառման մեջ իսկապես շատ ընդհանուր ձեւակերպումներով է դրանք ներկայացրել, Վարդան Օսկանյանը նախօրեին համեմատաբար հանգամանորեն է անդրադարձել «քաղաքային հարցերին»։
Թեպետ դրանք Երեւանի բնակիչ, քաղաքացի ու քաղաքական գործիչ Վարդան Օսկանյանի «ֆեյսբուքյան» դիտարկումներն են, բայց հասկանալի է, որ առաջիկա ընտրարշավում «Բարգավաճի» նախընտրական ծրագիրն ու ելույթները խարսխվելու են այդ մոտեցումների եւ թեզերի վրա։
Միանգամից նշենք նաեւ, որ 8 կետով ներկայացված «քաղաքային հարցերի» մեջ բնականաբար կան հրատապ խնդիրներ, նաեւ դրական ու ընդունելի մոտեցումներ։ Օրինակ, Վարդան Օսկանյանը նշում է. «Հրազդանի կիրճը, որը Երեւանի ամենագրավիչ հանգստյան վայրերից է, պետք է շատ արագ վերածել ընդհանուր հանգստյան գոտու՝ ստեղծելով համապատասխան անվճար հարմարություններ, բարեկարգելով մերձափնյա տարածքները եւ կանոնակարգելով մասնավորի գործունեությունն այդ տարածքում»:
Համաձայնեք, սա ավելի շատ նախընտրական ծրագրի թեզ է հիշեցնում։ Բացակայում է, թերեւս, «մեր ընտրվելու դեպքում խոստանում ենք» կախարդական ֆրազը։ Ամեն դեպքում, արժե նկատել, որ Հրազդանի կիրճը չի հաջողվի «շատ արագ վերածել ընդհանուր հանգստյան գոտու», որովհետեւ անցած տասնամյակներում այն որքան հնարավոր է՝ «ռեստորանապատվել» է։ Պարզ է, որ նույնիսկ եթե «ռեստորանաթափվի», դրա համար մեծ գումարներ կպահանջվեն, եթե միայն այդ «օբյեկտների» մի մասը չեն պատկանում նաեւ ԲՀԿ-ականների, որոնք պատրաստ են հանուն կուսակցության գաղափարական մոտեցման զոհաբերել իրենց բիզնեսը։
Ոչ պակաս ուշագրավ է ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի հետեւյալ դիտարկումը «Հասարակությանը իսկապես շատ է մտահոգում քաղաքի ճարտարապետության դիմագծի հարցը: Լուրջ դժգոհություն կա ոչ հարիր շինարարությունից, շենքերի կտուրների անօրինական հավելումներից, ինչպես նաեւ կանաչ տարածքներում ապօրինի շինարարությունից: Այս պահին, օրինակ, քաղաքի սրտում, օպերային կից կանաչ գոտում բետոնապատում է գնում, կապիտալ պատեր են դնում: Ես կարծում եմ՝ քաղաքապետի առաջնային խնդիրը պետք է լինի միանգամից այս ամենը կասեցնել եւ լրջորեն մտածել ժամանակի ընթացքում վերականգնելու կորցրածը»:
Դե ինչ, ողջունելի է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, թեկուզ ուշացումով, բայց այնուամենայնիվ նկատեց, որ հասարակությանը մտահոգում է «քաղաքի ճարտարապետության դիմագծի հարցը»։ Ափսոս միայն, որ Վարդան Օսկանյանին, երբ արտգործնախարար էր ու որոշակի ազդեցություն ուներ ընդունվող որոշումների վրա, այդ հարցերը եթե հուզում էլ էին, ապա դրա մասին ոչ ոք չէր իմանում։ Պարզ ասած, նախկինում չենք նկատել, որ Վարդան Օսկանյանին այս հարցը հուզած լիներ։
Չենք լսել, որ բարձրաստիճան պաշտոնյա եղած ժամանակ գոնե ծպտուն հանած լիներ Երեւանի հին շենքերը քանդելու եւ բետոն-ապակյա «երկնաքեր» արկղեր տնկելու կապակցությամբ։
Ի դեպ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ԲՀԿ-ական որեւէ բիզնեսմեն կամ պատգամավոր Երեւանում կառուցապատման ծրագրեր չի՞ իրականացրել կամ չի՞ իրականացնում։ Արդյոք այդ նախագծերը բոլո՞րն անթերի են «ճարտարապետական դիմագծի», «կանաչ գոտիների» հետ հարաբերակցության եւ մյուս բոլոր քաղաքաշինական առումներով։
Ի դեպ, հետաքրքիր է, թե Երեւանի ավագանու անդամի, իսկ գուցե նաեւ՝ քաղաքապետի թեկնածու հարգարժան Վարդան Օսկանյանն ի՞նչ կարծիք ունի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկի մոտ, սպորտի եւ երիտասարդության նախարարության («Սպորտկոմիտեի») հարեւանությամբ վեր խոյացած բազմաբնակարան բարձրահարկ շենքի մասին։
Հեստաքրքիր է նաեւ, թե այդ շենքի տեսքի ու Երեւանի «ճարտարապետական դիմագծին» հարիր լինելու մասին ի՞նչ է մտածում Վարդան Օսկանյանի կուսակցական առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Կամ որքանո՞վ է Երեւանի «ճարտարապետական դիմագիծը» պահպանում, ասենք, ԱՕԿՍ-ի շենքի հարեւանությամբ գտնվող կառույցը։
Մեկ այլ հարց։ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, դատելով մամուլի հրապարակումներից, մտերիմ հարաբերություններ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։ Իսկ գուցե վերջինս մտերմաբար հետաքրքրվի՞, թե՝ «Սամվել ջան, էն «Փակ շուկան» ինչի՞ ես առանց նախագծի քանդում, ի՞նչ ես անում, չէ՞ որ դա հուշարձան է…»։
Վարդան Օսկանյանի մի շարք դիտարկումներ ուղղակիորեն վերաբերում են քաղաքապետարանի գործունեությանը։ Նա, օրինակ, խոսում է բյուրոկրատական քաշքշուկների, «մեկ պատուհանի» սկզբունքի չգործելու, տենդերների, տրանսպորտային խնդիրների մասին։
Բոլորն էլ, իհարկե, հրատապ եւ լուծում պահանջող խնդիրներ են։ Բայց այստեղ էլ մի շատ նուրբ «բայց» կա։ Ողջ խնդիրն այն է, որ ի տարբերություն, ասենք, այս ընտրապայքարի մեջ ներգրավված ՀՅԴ-ի կամ «Ժառանգության», տվյալ դեպքում արտահայտվում է մի գործիչ, որի ներկայացրած կուսակցությունը Երեւանի գործող ավագանու կազմում մեծաթիվ խմբակցություն ունի։
Գուցե արժե՞ հիշեցնել, որ «Բարգավաճ Հայաստանը» 65 տեղանոց ավագանիում 17 մանդատ ունի։ Ավելին՝ 2009 թվականից մինչ օրս կարծես չի նկատվել, որ ԲՀԿ-ն Երեւանի ավագանիում ընդգծված ընդդիմադիր դիրք գրավեր։
«Քաղաքային հարցերին» անդրադառնալուց առաջ թերեւս պատշաճ կլիներ, որ այդ ուժի ներկայացուցիչը նախ որոշակի հաշվետվություն տար հանրությանը, թե անցած 4 տարիներին ինչո՞վ է մայրաքաղաքի իշխանությունում զբաղվել իրենց կուսակցության խմբակցությունը։

 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930