Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանին իրավիճակը լարված է

Ապրիլ 03,2013 11:10

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ սահմանի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը զինտեխնիկա եւ հատուկ ստորաբաժանումներ է կուտակում։ Ասել է թե՝ ամեն րոպե հակառակորդի կողմից սադրանքի հավանականություն կա։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե սահմանին տիրող իրավիճակը սովորական չէ, բայց եւ վերահսկելի է։ Ըստ նրա՝ հայկական կողմն անում է բոլոր այն քայլերը, որոնք թույլ են տալիս հակառակորդին լինել զսպված։ Մանրամասներ պարոն Հովհաննիսյանը չասաց, սակայն վստահեցրեց՝ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման։ ՊՆ մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ վերջին օրերին ավելացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հատկապես նախորդ գիշեր աճել է հակառակորդի կողմից արձակված կրակոցների թիվը։

Ուշագրավն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանին նկատվող ակտիվությունը համընկավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի հետ։ Ընդ որում, համանախագահների այս այցը բավական երկարատեւ էր. մոտ 10 համանախագահները եղան Ստեփանակերտում եւ Երեւանում՝ հանդիպելու տեղի պաշտոնյաների հետ։ Իսկ երկուշաբթի օրվանից նրանք Բաքվում են։ «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, թե չորեքշաբթի օրը իրենք հանդիպելու ենք ադրբեջանական կողմի հետ՝ քննարկելու բանակցային գործընթացի ներկա վիճակը։ Ըստ Պոպովի՝ հաջորդ շաբաթ Վիեննայում կկայանա Մինսկի խմբի նիստը։ Սպասվում է, որ համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930