Հատված ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի հարցազրույցից:
– Սպանվել է համայնքի ղեկավար, ազատամարտիկ, ով նաեւ Շուշիի հատուկ գնդի հիմնադիրներից էր, իսկ ՀՀԿ–ն շարունակ խոսում է ապահով Հայաստանի մասին։
– Ձեր հարցադրումը այս պահին ճիշտ չեմ համարում եւ նորմալ չեմ համարում, իսկապես դեպքը բավականին ցավալի է, բայց մեր երկրում տարբեր հանցագործներ տարբեր ժամանակահատվածներում հանցագործություններ են անում, սա չպետք է վերագրել ՀՀԿ-ի ապահով Հայաստան կարգախոսին, որովհետեւ սա մի փոքր ավելի մառազմի դաշտ է տանում։
– Տեղեկություններ կային, մամուլում նաեւ հրապարակումներ են եղել, որ գյուղապետի ընտրությունների ժամանակ այնտեղ ծեծկռտուք եւ ահավոր լարված, թեժ վիճակ է եղել։
Կարդացեք նաև
– Իրավապահ մարմինները զբաղվում են այս գործով եւ դեռեւս վերջնական գնահատական չկա, չի կարելի դրա հիման վրա գնահատականներ տալ, մեղադրել այս կամ այն կողմին եւ հիշել 5-6 ամիս կամ 1 տարի առաջվա ինչ-որ կոնֆլիկտներ։ Թողնենք, որ այդ գնահատականը տան նախաքննական մարմինները, հետո կտանք քաղաքական գնահատականը։
– Իսկ ի՞նչ կասեք ՀՅԴ–ի գնահատականի մասին, ըստ որի, տեղի է ունեցել կանխամտածված եւ ծրագրված սպանություն, ոճրագործությունը անպատժելիության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հետեւանք է…
– Դա ընդամենը քաղաքական շահարկում է, հուսահատ քաղաքական թիմի մանիպուլյացիա, որը փորձում է տեղի ունեցածը ինչ-որ առիթով կապել այս կամ այն գործընթացի հետ։ Ես կոչ եմ անում, որ բոլոր քաղաքական ուժերը այս պահին զերծ մնան նման հայտարարություններից։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»