Ինչ վերաբերում է գյուղապետի ընտրություններին, ապա քանի որ հիմնական մրցակցությունը մարզպետ Կովալենկո Շահգալդյանի աջակցությունը վայելող ՀՀԿ-ական թեկնածուի եւ Հրաչ Մուրադյանի միջեւ էր, ուստի այդ հակամարտությունից անմասն չէր նաեւ մարզպետը։ Գյուղացիների պնդմամբ, գյուղապետի երկու թեկնածուների միջեւ լարված հարաբերությունները նաեւ «պապենական թշնամությամբ» էին պայմանավորված։
Մենք զրուցեցինք նաեւ Կովալենկո Շահգալդյանի հետ։ «Երիտասարդ մարդ էր, վերջը՝ համայնքի ղեկավար, ես ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին։ Չգիտեմ ովքեր ինչեր են ասում, բայց չեմ կարծում, որ քաղաքական էր։ Սովորական մարդ էր, սովորական համայնքի ղեկավար, որեւէ բանով որեւէ մեկից չէր առանձնանում։ Համայնքի ղեկավարն ի՞նչ գործունեություն ունի, որ էդպիսի կրիտիկական վիճակի հասնի։ Կարծում եմ՝ անձնական փոխհարաբերությունների խնդիր կլինի,- ասաց Շահգալդյանը՝ ավելացնելով, որ իրենց միջեւ եւս վեճեր եղել են։- 2005 թվականից աշխատել ենք, աշխատանքային վեճեր են առաջացել՝ բնականաբար, բայց ես չգիտեմ, որ ինքն իրան լկտի պահի, ինչ-որ կրիմինալ շրջապատ ունենա կամ ռազբորկեքի-բանի մեջ ընկնի։ Ես, անկեղծ ասած, զարմացած եմ։ Ես կարծում եմ՝ իրան նորմալ էր պահում բոլոր հարաբերությունների մեջ, մի քիչ, իհարկե, թույլ համայնքի ղեկավար էր… Կարծում եմ՝ անձնական խնդիրներ կլինեն»։ Մարզպետն ընդգծեց, որ Հրաչ Մուրադյանը քաղաքականության մեջ վառ արտահայտված դեմք չէր. «Շատ քչերը նույնիսկ գիտեին, որ ինքը դաշնակցական է, ինքն իրան սկի քաղաքականության մեջ չէր էլ դրսեւորում»։ ՀՅԴ հայտարարությանն էլ անդրադառնալով՝ ասաց. «Դե, ամեն մեկն իր մտային կարողությունների շրջանակում անում է հայտարարություններ, ինչի՞ մասին է խոսքը»։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»