Ինչ վերաբերում է սպանության կատարմանը, ապա պետք է հիմնավոր համարել շրջանառվող այն վարկածը, որ գործել է պրոֆեսիոնալ մարդասպան։ Խնդիրն այն է, որ սպանության պահին գյուղապետից ոչ հեռու գտնվող մարդիկ կրակոցի ձայներ չեն լսել։ Իսկ դա նշանակում է, որ կամ մարդասպանը կրակել է հեռվից, կամ հրազենը եղել է խլացուցիչով։ Երկու դեպքում էլ դա պրոֆեսիոնալի ձեռագիր է։
Մեր ունեցած տեղեկություններով գյուղապետին խոցած գնդակը եղել է 5.6 մմ տրամաչափի։ Ամենատարածված զենքերը, որոնցից կրակում են այդ տրամաչափի գնդակով՝ «ՏՕԶ» եւ «Ուրալ» տեսակի հրացաններն են։ Ըստ իրավապահների նախնական դիտարկումների՝ մարդասպանը կրակել է 200-250 մետր հեռավորությունից։ Հենց այդքան է կազմում «ՏՕԶ» եւ «Ուրալ» հրացանների նշանառու կրակի առավելագույն հեռավորությունը։ Սակայն այդ հեռավորությունից մեկ կրակոցով խոցել թիրախին, այն էլ գլխից, կարող են միայն պրոֆեսիոնալները։ Նշենք, որ 5.6 տրամաչափի փամփուշտներ օգտագործում են նաեւ «ՍՎ 99», «ԲԻ-6», «Սի Զեթ-452», «Մարլին» եւ մի բանի այլ հրացաններ, որոնց տեխնիկական տվյալները առանձնապես չեն տարբերվում «ՏՕԶ»-ից եւ «Ուրալից», սակայն մեծ տարածում չունեն Հայաստանում։
Թե ինչ զենքից են կրակել, եւ ինչ հեռավորությունից, թերեւս կպարզի փորձաքննությունը, բայց ուշագրավ է, որ մի ոչ այնքան մեծ գյուղում, որտեղ բոլորը ճանաչում են իրար, մարդասպանը կարողացել է աննկատ հեռանալ։ Սա եւս լրացուցիչ հիմքեր է տալիս պնդելու, որ մարդասպանը գործել է հեռվից։ Հակառակ դեպքում մարդասպանը հենց նույն գյուղից է։
Ըստ մեկ այլ վարկածի, մարդասպանը կրակել է գյուղապետարանի դիմաց գտնվող բնակելի երկու հարկանի շենքից։ Մեր թղթակիցը նկատել է, որ այդ շենքի երկրորդ հարկի պատուհաններից երկուսը վերանորոգված են, իսկ մեկը ջարդված։
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»