Պաշտպանները պահանջեցին արդարացնել իրենց պաշտպանյալներին:
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ապրիլի 2-ի նիստում ճառով հանդես եկան ամբաստանյալ զինվորներ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի, Հարութիկ Կիրակոսյանի պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Ազատ Շահբազյանը եւ ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը:
Պաշտպան Մնացականյանն ասաց, որ դատաքննության ընթացքում չապացուցվեց իր պաշտպանյալների մեղքը, որ վերջիններիս գործողությունների եւ Նազարյանի ինքնասպանության միջեւ չկա պատճառահետեւանքային կապ: Պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել նույն խցում պահված 4 վկաների իրարամերժ, հակասական, իրականությանը չհամապասխանող ցուցմունքների հիման վրա, որ վկաները 25 օր գտնվել են ռազմական ոստիկանությունում,անազատության մեջ, նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում եւ ֆիզիկական բռնություն է գործադրվել, որ նրանց ցուցմունքները ուղղորդվել են քննիչների կողմից, քանի որ, ինչպես դատարանում պարզվեց, դրանցում օգտագործված շատ տերմիներ՝ «գերակայություն», «նվաստացնել» եւ այլն, վկաների համար անհասկանալի են:
Ա. Մնացականյանն ասաց, որ իր պաշտպանյալները կարգապահական տույժի են ենթարկվել, 10 օր մեկուսացման մեջ գտնվել ռազմական ոստիկանությունում,նույն արարքների համար քրեական հետապնդման են ենթարկվում: Մինչդեռ, ըստ օրենքի, նույն արարքի համար մարդ չի կարող երկու անգամ դատապարտվել:
Կարդացեք նաև
Պաշտպան Մնացականյանը հիշեցրեց ՀՀ Վճռաբեկ դատարանի կայացած վճիռներից մեկը, որ ժամկետային ծառայության մեջ կատարված ոչ բոլոր հանցագործություներն են համարվում զինվորական կարգի դեմ գործողություններ, որ դրանք կարող են լինել միջանձնային հարաբերությունների հետեւանք: Մնացականյանը ասաց, որ դատարանը իր պաշտպանյալներին պետք է արդարացնի: Սակայն եթե դատարանը այնումենայնիվ նրանց նկատմամբ պատիժ նշանակի, պետք է հաշվի առնի նրանց երիտասարդ լինելը, նաեւ այն, որ 2 տարի եւ 8 ամիս գտնվում են անազատության մեջ, դատարանը պետք է բավարարվի նրանց կրած կալանքով եւ նրանց ազատ արձակի:
Պաշտպան Ա. Շահբազյանն ասաց, որ նախաքննության ժամանակ իր պաշտպանյալների դեմ ցուցմունք տված «ամենատես եւ ամենահաս» 4 վկաները այդպես էլ չկարողացան հայտնել, թե Նազարյանի մահվանից ոչ շատ առաջ եւ մինչեւ 6 ժամ առաջ վերջինիս ստացած վնասվածքները ում կողմից են հասցվել , կամ ինչ պայմաններում է Նազարյանը ոգելից խմիչք օգտագործել:
Վ. Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանի խոսքերով՝ «պահեստային 4 վկաները» Նազարյանի մահից 8 ամիս հետո հիշել են, որ Վ. Հայրապետյանը հարվածել է Նազարյանին, որ Հայրապետյանը որպես ամբաստանյալ ներգրավվել է տուժող կողմի բողոքներից հետո: Լ. Պողոսյանը հայտարարեց՝ նախաքննության ընթացքում վկաներն ասել են, թե Հայրապետյանը ոտքերով եւ ձեռքերով հարվածել է Նազարյանին, մինչդեռ դատարանում վկաները խոսեցին ձեռքով մեկ հարվածի մասին: Պողոսյանն ասաց, որ Հայրապետյանը որեւէ պատճառ չուներ Նազարյանի նկատմամբ վատ վերաբերմունք դրսեւորելու: Նա պահանջեց արդարացնել իր պաշտպանին եւ ազատել դատարանի դահլիճից: Նա միջնորդեց հակառակ դեպքում անցկացնել Նազարյանի հետամահու կրկնակի դատահոգեբուժական, դատահոգեբանալան փորձաքննության եւ վերսկսել դատաքննությունը:
Դատական հաջորդ նիստում, որ նշանակված է ապրիլի 12-ին, ճառով հանդես կգա քրեական գործով գլխավոր ամբաստանյալի պաշտպան Հրանտ Գեւորգյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ