Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմեն. «Ինչո՞ւ մարդիկ չեն հավատում ընտրությունների արդարությանը »

Ապրիլ 02,2013 23:55

 Կարեն  Անդրեասյանը    նախագահական ընտրություններին գնահատական  տվեց Գյումրիում:

OLYMPUS DIGITAL CAMERAՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով այսօր Եվրամիության ներկայացուցիչների հետ  Գյումրի  էր ժամանել իրենց տեղի  գրասենյակի  հիմնադրման մեկ տարին նշելու համար,  իր ամենակարևոր  զեկույցը`  փետրվարի 18-ի  նախագահական ընտրությունների գնահատականը, հնչեցրեց  Գյումրիում:

«Պատահական չէ, որ ես որոշել եմ մարդու իրավունքների  պաշտպանի ամենակարևոր զեկույցներից մեկը` նախագահի ընտրությունների վերաբերյալ զեկույցը, հրապարակել հենց Գյումրիում: Ես որոշել եմ դա անել, որովհետև դա սիմվոլիկ է, որովհետև Գյումրիի գրասենյակը բացվեց հենց այս երկու ընտրությունների առիթով, և նաև սիմվոլիկ է, որովհետև մենք գիտենք, թե ինչ ակտիվությամբ են Շիրակի մարզում քվեարկել այս  ընտրությունների  ժամանակ: Գիտենք նաև, թե որքան են եղել մտահոգություններ, անհանգստություններ մեր ամբողջ հասարակության մեջ , թե ո՞նց  կանցնեն այս ընտրությունները, ինչպե՞ս  կգնահատեն տեղական ու միջազգային  դիտորդները , և մենք փորձելու ենք մեր համեստ, բայց կարևոր գնահատականները հնչեցնել հենց Գյումրիում, հենց այստեղ և հենց այս պահից սկսած: Ընդհանրապես ընտրությունները գնահատելիս  միշտ  մուծվում է  երկու բառ, այսինքն ավանդաբար երկու բառով են գնահատվում ընտրությունները.  դրանք ազա՞տ էին, արդա՞ր էին, թե՞ անազատ էին, թե անարդար էին: Թվում է պարզամտացումը գնահատականների պահանջվում է ոչ միայն  Հայաստանում, այլ միջազգային փորձն է սա: Շատ երկրներում, որպեսզի հասկանային ընտրությունները ինչպիսին էին,  օգտագործում էին այդ երկու բառերը:Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես հրաժարվեցի այսպես գնահատելուց, ինձ թվում էր, թե դրանով ես կպարզամտացնեմ իմ իսկ գնահատականները, ցավերը, որոնք եղել են մեր պետությունում» -, ասաց Կարեն Անդրեասյանը:

Այս անգամ սակայն օբուդսմենը որոշել էր օգտվել միջազգային տերմինալոգիայից: «Եթե ինձ հարցնեին ինչպիսի՞ն էին 2013 թվականի նախագահական ընտրությունները, ապա ես էսպես կգնահատեի`ընտրությունները ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրա արդարությանը:Ես վստահ եմ, որ սա կարող է լինել վիճելի,  շատերը չհամաձայնեն դրա հետ, մի մասը ընդվզի, մի մասը գտնի, որ դա ընդդիմադիրների  կողմից է , մյուս մասը գտնի, որ դա իշխանությունների կողմից է, բայց ես պետք է բացատրեմ, թե դա ինչ նշանակում»,- ասաց օմբուդսմենը:

Նա նշեց, որ  ընտրությունների արդարությանը շատերը չեն հավատում, որովհետև տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ ու ամենակոպիտ խախտումներից  ու կեղծիքներից հետո պետական գրեթե բոլոր համապատասխան ինստիտուտները` ոստիկանություն, դատախազություն, Կենտրոնական  ընտրական հանձնաժողովը , Սահմանադրական  դատարանը պատշաճ չեն արձագանքում: « Երկորդ պատճառը, որ մարդիկ չեն հավատում, թե ընտրությունների արդար են, ստացվել են հարյուր ընտրակաշառքի մասին ահազանգեր, սակայն բացահայտվել է  0 դեպք, այնինչ 20 ահազանգերից , որոնք վերաբերում են կրկնակի քվերակությանը,  4-ը գոնե բացահայտվել են: Այսինքն  նշանակում է, որ եղած բոլոր ահազանգերը ընտրակաշառքի վերաբերյալ կամ սուտ էին կամ ոստիկանությունը,  իրավապահ մարմինները չկարողացան բացահայտել գեթ մեկ ընտրակաշառքի  դեպք: 3-րդ.  ընտրությունների ընթացքում գրանցվել է վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր, որոնց կապակցությամբ ոչ մի անձի նկատմամբ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել,  դրա համար է,  կարծում եմ, որ շատերը չեն հավատում, որ ընտրությունները արդար էին: Ստացվել է 293 ահազանգ, որից 273-ով իրավապահ մարմինների կողմից կայացվել է որոշումներ քրեական գործ չհարուցելու կամ մերժելու մասին , այնինչ,  մեր խորին համոզմամբ,  չեն իրականացրել «Քրեական դատավարության» օրենքով   նախատեսված անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները: Առանձին դեպքերում իրավապահ մարմինները ընտրակաշառքների և այլ ընտրահանցանքների մասին քննելիս բացատրությունները հիմնականում վերցրել են համայնքապետից կամ իշխանական կուսակցության ներկայացուցչից:  Հետևաբար և ըստ ներկայացված տեղեկատվության՝ ոչ բոլոր դեպքերում է  կատարվել բազմակողմանի քննություն, այսինքն անհրաժետ և բավարար  հիմնավորումներով գործերը ավարտելու համար չեն ներգրավել գործի ելքով շահագրգռված բոլոր պատշաճ անձիք»,-զեկուցեց Կարեն Անդրեասյանը:

Ըստ օմբուդսմենի,  հաջորդ պատճառը ընտրությունների արդարությանը չհավատալու այն է, որ անձնագրերի դրոշմակնիքման օրենսդրական պահանջը, որպես կրկնակի քվեարկության բացառման երկաստիճան համակարգի  մաս,  չի ծառայել իր նպատակին :Նաև կասկած տեղիք է տվել այն, որ ընդդիմադիր  ուժերի և որոշ միջազգային կազմակերպությունների կողմից բացասականորեն ընդգծվել է այն հանգամանքը, որ գործող նախագահին կողմ քվեարկած  ձայները էականորեն  մեծ թիվ են կազմել այն ընտրատեսամասերում, որտեղ միջինից բարձր են եղել ընտրողների մասնակցությունը: Բացասական կողմերը նշելով` օբուդսմենը որպես դրական փաստ ֆիքսեց  այն, որ թեկնածուների գրանցման ընթացքում օրենքի որևէ խախտում չի արձանագրվել , քարոզչության , խաղաղ հավաքների ընթացքում  չեն գրանցվել  խոչընդոտման դեպքեր , պատշտաճ կարգով պահպանվել են ՀՀ նախագահի թեկնածուների քարոզչության  լուսաբանման և խոսքի ազատության ապահովման օրենսդրական  պահանջները և հավասար հնարավորություններ են ստեղծվել բոլոր թեկնածուների համար:Շուրջ  3500 –ով նվազել են ընտրացուցակներում անճշտությունները,իսկ  ՀՀ ոստիկանությունը էականորեն բարելավել է ընտրացուցակներում անճշտությունների վերացմանն ուղղված  վարչարարությունը. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման ընթացքում խնդիրների լուծման ժամանակ էականորեն նվազել է իրավական ձևապաշտություն` ֆորմալիզմը», ասաց Կարեն Անդրեասյանը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արմ says:

    Կոալիցիոն հազվադեպ կադրերից մեկը, ով անում է իր գործը: Շնորհակալություն լավ աշխատանքի համար:

  2. Տիգրան says:

    Ախր դու ինքդ էլ չես հավատում քո ասածներին, ուրիշները ոնց հավատան…

  3. Կարեն Դ. says:

    Օմբուդսմենին պետք է խնդրենք,որ պաշտպանի գյումրեցիներին Սամվել Բալասանյանից և այդ մասին հատուկ զեկույց ներկայացնի ՀՀ նախագահին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930