Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի

Ապրիլ 02,2013 23:04

Այսօր Կապանի քաղաքապետարանում կայացած համայնքի ավագանու արտահերթ նիստում ներկա գտնվող ավագանու 10 անդամները միաձայն հաստատեցին եւ համաձայնություն տվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ` ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնելու նպատակով, համայնքի տարածքում հուշարձան տեղադրելու նախաձեռնությանը:

Դեռեւս օրեր առաջ Կապանի քաղաքապետարանում հանրային լսում էր կազմակերպվել, որտեղ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ավագանու անդամների, պատմաբանների  հետ քննարկվում էր «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ  վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանի կողմից քաղաքապետին եւ ավագանու անդամներին ուղղված դիմում-առաջարկը: Պարոն Ջաբրայանը առաջարկում էր Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Կապանի հուշակոթողի հարակից տարածքը դարձնել ցեղասպանության կազմակերպիչներին պատժած ու այդ պայքարին անձնազոհության գնացած մարդկանց նվիրված պուրակ, ինչպես նաեւ Լիսաբոնի թուրքական դեսպանության գրավման 30 ամյակի կապակցությամբ այստեղ առաջինը տեղադրել գործողության մասնակից հինգ նահատակների հուշատախտակները, որի ամբողջական ֆինասավորումը պատրաստակամություն է հայտնել իրականացնել անձամբ:

«Այս տղաներն իրենց կյանքը տվեցին առանց հայրենիքը տեսնելու: Իմ առաջարկը հետեւյալն է, որ մեր քաղաքի մեջ, մեր քաղաքացի հերոսների կողքին մենք ունենանք մի անկյուն` նվիրված սփյուռքահայ վրիժառու հերոսներին: Բոլոր ծախսերը կհոգամ անձամբ: Կապան քաղաքը սփյուռքի մեջ ընդհանրապես ճանաչված չէ, եթե հուշակոթողը տեղադրենք այն կլինի նաեւ ուխտատեղի ամեն մի սփյուռքահայի համար եւ  պատճառ կհանդիսանա Կապան այցելելու», – ասաց Հրաչ Ջաբրայանը:

Հանրային լսման ժամանակ հնչեցված այն հարցին, թե արդյոք «Դինո գոլդը» որեւէ կապ ունի՞ այդ ծրագրի հետ, քանի որ գրությունը զետեղված էր ընկերության պաշտոնական անունը ներառող ձեւաթղթի վրա, վերջինս պատասխանեց, որ վրիպակ է եղել,  ընկերությունը որեւէ կապ չունի այդ գործում, դա իր անձնական նախաձեռնությունն է: Քննարկման ժամանակ բոլորը ողջունեցին ցեղասպանության ճանաչման գործում  ներդրում ունեցած հայորդիների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման գաղափարը, սակայն կարծիքները խիստ հակասական էին Լիսաբոնի հայտնի դեպքի հեղինակներ` լիբանանահայ 5 հայորդիների անվան առանձին հուշակոթողի տեղադրման առաջարկի վերաբերյալ:

Ոմանք գտնում էին, որ դա ողջունելի եւ ճիշտ քայլ է  հերոսներին անկյուն տրամադրելը, իսկ մյուսները կարծում, որ այդ դեպքի հիմքում ահաբեկչություն է եղել, եւ այդ հարցում պետք է զգուշավորություն ցուցաբերել ու տվյալ փաստը չշրջանցել:

«Երբ աշխարհը ուղղված է  հակաահաբեկչական գործողություններին, իսկ Լիսաբոնի դեպքն աշխարհը համարում է ահաբեկչություն, կուզենայի ավելի զգույշ լինենք, կարող է թուրքերն այդ պահն օգտագործեն մեր դեմ», «ողջունելի է առաջարկը,  այդ մարդկանց օրինակը կկերպարանավորվի յուրաքանչյուրիս մեջ, բայց այստեղ դիվանագիտական հարց կա, եթե համապատասխան մարմինների հետ ճշտենք, որ դա հակակաքարոզչական երեւույթ չի դիտվելու, ապա կարելի է իրականացնել այն : Պետք է այնպես անել, որ ավելորդ խնդիրների առաջ չկանգնենք մեր հասարակության տարբեր շերտերի եւ միջազգային հանրության առջեւ:  Կարծում եմ պետք է կառուցվի մեկ հուշակոթող բոլորին նվիրված եւ այդ 5 տղաներին մյուսներից առանձնացնել ճիշտ չէ», – նշեցին մասնակիցներից ոմանք:

Սակայն հնչեցված կարծիքների հետ ոչ բոլորն էին համամիտ եւ հակառակն էին պնդում` հավաստիացնելով, որ զգուշավորությունը, քաղաքական երանգ տալը եւ ազգային անվտանգության հարցի մասին խոսք գնալը ամենեւին տեղին չէ, երբ խոսքը գնում է հերոս հայորդիների մասին:   «Գտնում եմ, որ այս տղաների  անկյուն ունենալը  շատ ավելի մեծ բան է նշանակում,  քան զուտ  քաղաքական կամ ինչ-որ այլ երեւույթները:  Սահմանի վրա ենք եւ պատերազմը չի ավարտվել, ումի՞ց ենք վախենում եւ ինչի՞ց ենք վախենում, մեր սերունդը կամաց-կամաց թողնում է Հայաստանը, մեր սերնդին այս տղաների օրինակով պետք է դաստիարակենք, ոչ թե որպես տեռորիստի,  այլ որպես հայրենասերի, մենք ոչնչից չպետք է վախենանք, մենք վախենալու բան չունենք, մեր խնդիրն արդար է…», – ասաց հանդիպման ներկա գտնվող Սուսաննա Մարտիրոսյանը:

Իսկ պատմաբան Արմեն Գեւորգյանն շեշտեց, որ այստեղ ամենեւին խոսքը վախի կամ պակաս հարենասիրության մասին չէ գնում եւ չպետք է մոռանալ, որ  նույն դեպքի ժամանակ սպանվել են ցեղասպանության հետ կապ չունեցող թրքուհի մի կին ու նրա 17-ամյա երեխան:«Մեր երկիրը նույնպես ահաբեկչության դեմ պայքարին է միացել, իսկ տեռորիզմի դեմ պայքարել տեռորիզմի ոգով, դա ինքը գովաբանում է տեռորիզմը, եւ թեեւ մենք դեմոկրատիա ենք խաղում` միեւնույն ժամանակ այսպիսի քայլերով, սա դեմոկրատիայի հնարավորություններն է իջեցնում»,- իր կարծիքն արտահայտեց պատմաբանը:

Ինչեւէ, այսօր ավագանին որոշեց քաղաքում ունենալ ցեղասպանության ճանաչման գործում նվիրյալ հայորդիների հիշատակն հավերժացնող միայն մեկ ընդհանուր հուշարձան:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930