Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Նժդեհ մեջբերելով, սպարապետի կենացը խմելով, կյանքի մեջ չծաղրեք Նժդեհին»

Ապրիլ 02,2013 22:32

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Գյումրու Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին  ընդունեցին ծափահարություններով, ջերմագին խոսքերով, տատիկներից ոմանք էլ, տեսնելով նրան,  բացականչեցին. «Մեռնիմ ջանիդ»:

«Ժառանգության» առաջնորդն էլ իր հերթին ելույթը սկսեց գյումրեցու ինքնասիրությունը շոյող խոսքերով: «Սիրելի հայրենակիցներ, Գյումրին ` Լենինականը, Շիրակ աշխարհը այնպես հաղթեց փետրվարի 18-ին, որ  իրենք հիշեցին իրենց հոր հարսանիք: Հայրաքաղաքը իր պատգամը տվեց շատ հստակ, անգամ իշխանական տվյալներով` 70 տոկոս, իսկ իրականում, դուք գիտեք,  Գյումրին , Շիրակը, և Հայաստանը ծայրից ծայր ինչ պատգամեց, ոչ թե Րաֆֆու հաղթանակ և Սերժի պարտություն, այլ Հայաստանի քաղաքացու, լեննագանցու թասիբի, մեր երեխաների ապագայի հաղթանակը, և այդ հաղթանակը մենք ամրագրելու ենք ապրիլի 9-ին` միասին», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որին ժողովուրդը արձագանքեց . «Բրավո» բացականչությամբ:

Նա նաև ասաց, որ եկել են հավաքագրելու բարևի, արևի ու հույսի բանակը,  և պայքարը շարունակվելու է մինչև բոլոր երազանքների իրականացում: «Սիրելի քույրեր  և եղբայրներ, այս վերջին երեք շաբաթները մի փոքր ձեր նման հաց չուտելով` ես հասկացա, թե մեր ժողովրդի կեսը,  և սա կատակ չէ, ինչպես է ապրում մեր երկրում, իր հայրենիքում, իր քաղաքում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` խոստանալով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի  յուրաքանչյուր հայ ընտանիք  օջախ ունենա, ապահովվի  աշխատանքով, ունենա  սեղանի հացը, երեխայի կոշիկը այդ մի կտոր հարստությունն ու  արժանապատվությունը: «Սա շատ սովորական կազմակերպչական հանձնարարություն է , ոչ թե էժան խոստում: Ձեր ընտրյալները պետք է համեստ ապրեն, ոչ թե շռայլության մեջ: Դուք պետք է հարստանաք կամաց-կամաց` կենսաթոշակ, աշխատանք: Պետական ծառայողները նաև` ոստիկանից սկսած,  պետք է ունենան  նորմալ աշխատավարձ  և արժանավայել կյանք, և երբեք չենթարկվեն  անիրավ, կուսակցական, կեղծ հրահանգների»,-շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա  ասաց, որ առաջին փորձությունը ապրիլի  7-ն է, և հույս  հայտնեց, որ ճանապարհները բաց կլինեն, քանի որ սա մեր երկիրն է, ոչ թե Օսմանյան կայսրությունը:

Նա նաև նկատեց, որ  աշխարհը պետք է հաշտվի փետրվարի 18-ի իրենց հաղթանակի հետ: Այնուհետ անդրադարձավ Պռոշյան գյուղի գյուղապետի սպանությանը:  «Այսօր հայ ժողովուրդը կորցրեց նվիրական ազատամարտիկ, Պռոշյան գյուղի գյուղապետ , հպարտ մարդ, քաղաքացի, դաշնակցական,  սպանեցին նրան օրը ցերեկով, վախկոտները: Մենք պահանջում ենք, որ գործող դե ֆակտո իշխանությունները ապրիլի 9-ին ընդառաջ  բացահայտեն  այդ քստմնելի ահաբեկչությունը , և հանկարծ չլինի, որ Սյունիքի, Գեղարքունիքի այլ սադրանքների ու բռնությունների, 18 թվականի,  փետրվարի 18-ի  համատարած ընտրախախտումների հետքերով,  սա  դառնա տեռորի,  վախի, սպառնալիքի հերթական  դրսևորումը: Պահանջում ենք  ողջ ճշմարտությունը, որովհետև մենք  դուրս ենք եկել սեփական վախից , և սպառնալիքից , իմ վրա եմ վերցնում դա, Աստված չանի, որ սա կրկնվի այլևս  երբեք Հայաստան աշխարհում»:

Նա նաև ասաց, որ Բարևի հեղափոխության միլիոնավոր  նվիրյալները,  մասնակիցները երբեք ձեռք չեն բարձրացնելու  հայ քաղաքացու, ոստիկանի և ուրիշ մեկի նկատմամաբ: «Եթե լինելու է , դա լինելու  է մյուս մայթից, վախի, սպառնալիքի, ժողովրդից  թաքցնելով ողջ ճշմարտությունը և ով ռիսկ արեց ձեռք բարձրացնել, դա անելու  է իմ նկատմամբ առաջին հերթին»,- նախազգուշացրեց  Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաև ասաց, որ մեկ շաբաթ անց` ապրիլի 9-ին,  ունենալու են նոր հռչակված Հայաստանի Հանրապետություն: «Ուռաա~», -բացականչեցին հավաքվածները: «Մտածեք,  տղեք, պարոն Սարգսյան, մի շաբաթ մնաց»,- նորից կրկնեց  Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, կունենան տնտեսական զարգացում, մաքուր  բնություն, ժողովրդին պատկանող ընդերք , հարուստ գյուղ , Ռուսաստանի  Ամերիկայի և Եվրոպայի հետ  շատ լավ հարաբերություններ, որոնց կստիպեն  հարգել հայ ժողովրդին: « Հիմա,  մինչև ապրիլի 9-ը հարգեք հայ ժողովրդին, չգնաք կեղծիքի ու ստի ճանապարհով , չգնաք Նժդեհ մեջբերելով, սպարապետի կենացը խմելով , 30 արծաթի մասին խորաններով խոսելով, բայց կյանքի մեջ ծաղրելով Նժդեհին և ժողովրդին: Մի շաբաթ մնաց,  խնդրում եմ, պահանջում եմ  և ակնկալում եմ,  միացեք մեր ազգային միասնությանը, որովհետև մեր դեմ խաղ չկա», առաջարկեց բանախոսը, որին ժողովուրդը երկար ծափահարեց:

Այդ պահին  «Հա~ղթա~նա~կ »բացականչելով Րաֆֆուն մոտեցավ Ջաջուռի մի քաղաքացի`  կոչ անելով ոստիկաններին չկրկնել մարտի 1-ի դեպքերը ու ճանաչել Րաֆֆու հաղթանակը:

Րաֆֆին կատակեց, թե  «Ինձ թվում է Ջաջուռից  նորմալ պատգամավորական թեկնածու կա»:Նա նաև հավելյալ նախազգուշացում արեց Գյումրիից. «Թող ոչ մեկը Արցախով սպեկուլյացիա չանի, որովհետև առաջին հերթին այս հավաքվածները` մեր ժողովուրդը ,  գիտի արյան գինը , գիտի հայ քաղաքացու իմաստը  մեր հանրապետության համար, գիտի, որ յուրաքանչյուր կյանք  մի ամբողջ հայրենիքի արժեքն ունի, և չենք զիջելու մեր կյանքերը ոչ թշնամուն, ոչ էլ խաղաղ  պայմաններում: Դրա համար ամեն մեկը իր գործի մեջ, բայց հանկարծ ոչ մեկը չքարոզի հայ  ժողովրդին, որ Արցախը վտանգի տակ է:Այո,  Արցախը միշտ վտանգի տակ է, և զգուշացնում եմ Արցախի սպեցնազը, օմոնը` հատուկ նշանակության զորքերը , Օգանովսկիի ջոկատը հայտնի, թող իր գործի մեջ լինի Արցախի ներսում, հանկարծ  քաղաքացիական մեր պայքարում   թող հայ տղաները , մեր հարազատ զինվորները չմտցնեն,  պահանջում եմ և զգուշացնում»:

Այնուհետ դարձյալ հիշեցրեց,  որ ապրում ենք մեր կյանքի ամենապատասխանատու  մեկ շաբաթը, շրջանը ` Նոր  Հայաստանի կերտման շրջանն է սկսվում: «Ապրիլի 9-ից, ժամը 11-ից պարտավոր ենք միասին լինել ամբողջ ազգով` կուսակցական դրոշները խոնարհված , մեկ եռագույն դրոշակ , մեկ հանրապետություն, մեկ սահմանադրություն, միացյալ քաղաքացիներ և ազգ, և թող ոչ մեկը քարոզ չկարդա.  որ 3 հազար է, թե մի հազար, մենք  ունենք  միլիոնավոր  հաղթանակած ժողովուրդ` մեկ բռունցք դարձած, որ տանելու է դեպի ճանապարհը,  դեպի հաղթանակ: Թող չկասկածեն և ժողովուրդը ոչխարի հոտի հետ չհամեմատեն , ոչ էլ  սոված, անգիտակից անվանեն: Շատ գիտակից ,  իմաստուն, նվիրյալ ժողովուրդ է, որը այստեղ  է իր կամքով , և  ով կասկածում  է,  կտեսնի, եթե մինչև հիմա դժվարություն ունի էդ ճշմարտությունը ընկալելու», -ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նաև շեշտեց, որ Նժդեհը ժողովրդի մեջ է,   հավատքը ևս ժողովրդի մեջ է,  թող եկեղեցու  խորանից չխոսեն  սեփական ճշմարտություն պարտադրելու մասին: «Սեփական ճշմարտությունը ուզում են պարտադրել ժողովրդին  նրանք, ովքեր գողացան, կեղծեցին փետրվարի 18-ին, իսկ մենք ասում ենք` դա հականժդեհական է, հակաազգային է , հակաքրիստոնեական է», -եզրափակեց «Ժառանգության» առաջնորդը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930